Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

12 հոկ 2018 11:28

Հայ ֆրանկոֆիլներ և ֆրանսիացի արմենոֆիլներ

Հայ ֆրանկոֆիլներ և ֆրանսիացի արմենոֆիլներԼավ էր, ճիշտ էր, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրերս երախտագիտությամբ հիշատակեց Էդ. Նալբանդյանի անունը որպես ֆրանկոֆոնիայի հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարի կերտիչի: Նախկին արտգործնախարարը դեռեւս Փարիզում դեսպան եղած տարիներից ի վեր հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որ նման համաժողովի անցկացումը մի երկրում, որը ոչ ֆրանկոֆոն է, ոչ ֆրանկոֆիլ, ոչ էլ նման մեծ ֆորումի համար պահանջված մակարդակի ենթակառուցվածքներ ունի, ամենեւին անհեթեթ չի թվում: Ընդհակառակըՙ մի կողմից շեշտում է հայկական գործոնի դերը տարածաշրջանում ու եվրոպական ուղղությամբ նրա բացվածությունը, մյուս կողմիցՙ Կովկասում հարթակ է ստեղծում ֆրանսիական, ընդհուպՙ եվրոպական քաղաքականության համար, նաեւ ի հակակշիռ «Իսլամական կազմակերպության», որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակ ձիավարում են խրխնջալով:
Իրականում համաժողովը ոչ թե երեկ, Երեւանի մարզահամալիրում սկսվեց, այլՙ հոկտեմբերի 5-ին, Փարիզում, Հաշմանդամների պալատում, Շառլ Ազնավուրի դագաղի դիմաց, Մեծ հային ու Մեծ ֆրանսիացուն վերջին հրաժեշտի զուսպ, լուրջ ու բազմանշանակ հանդիսության ընթացքում, որին ներկա էին Ֆրանսիա պետության ողջ ավագանինՙ նախորդ երկու նախագահների մասնակցությամբ, որին համակշիռ, ավա՜ղ, մենք չկարողացանք ապահովել ներկայությունը մեր երկրի նախորդ նախագահների, որոնցից առաջինը, շեշտենք, միակ ֆրանկոֆոնն ու, թերեւս, ֆրանկոֆիլն է: Գոնե պետականության շարունակականությունն ընդգծելու համար էր պետք նրանց ներկայությունն այնտեղ, որտեղ նախագահ Մակրոնն արտասանեց թերեւս իր ամենախորիմաստ ու բազմիմաստ ճառերից մեկը, դրանով իսկ փաստացի բացումը կատարելով ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի:
Մեր թերթի ներկա համարի մշակութային ներդիրի առաջին էջում ճշգրիտ թարգմանությամբ ամբողջությամբ ներկայացնում ենք այդ ճառը: Դա միայն հրաժեշտի խոսք չէՙ «Ֆրանսիայում երբեք չմահացող բանաստեղծին» ուղղված, այլեւ գերագույն գնահատումը Ազնավուր երեւույթին, ֆրանսիական քաղաքակրթությանը հայկական ոգի, ջերմություն, թախիծ ու կենսասիրություն ներարկելու Մեծ երգչի առաքելությանը: Ավելինՙ դա իսկական գեղոն է նվիրված ֆրանսերեն լեզվին, «պետության մեջ պետություն եւ հայրենիքի մեջ հայրենիք» լինելու այդ լեզվի էությանը, նրա մշակներին, կատարելագործողներին, այն համաշխարհայնացնողներին, որոնցից մեկն էր մեր մեծ հայրենակիցը, որի հանդեպ սերն ու երախտագիտությունը տարածվում է նաեւ մեր ժողովրդի, մեր պետության վրա, նաեւՙ ֆրանկոֆիլ ու ֆրանկոֆոն մյուս պետությունների վրա:
Պետք է ընդունենք, որ հայկական իրականության մեջ անհատի գործոնը գրեթե միշտ ավելի կարեւոր է եղել, քան հավաքականության դերակատարությունը: Շառլ Ազնավուրը մեկն էր այդ անհատներից: Նա իր արվեստով ու գործունեությամբ, թերեւս անկազմակերպ, բայց ազդեցիկ, թերեւս ինչ-որ տեղ նաեւ բնազդաբար, մի շարժում ստեղծեց, որի հիմնադիրը, բոլորովին այլ պայմաններում եւ այլ հանգամանքներում,- Համիդյան ջարդեր, Զեյթունի ընդվզում, Երիտթուրքերի ապստամբություն, Սահմանադրություն, Ատանայի կոտորածներ, Մեծ եղեռն, Հայկական լեգեոն, Առաջին հանրապետություն, Մուդրոսի զինադադար, Կիլիկյան օջախի ստեղծման ջանքեր, Ֆրանսիայի դավաճանությունը կիլիկիահայերին, Սեւր, Լոզան, ավելի ուշՙ Ալեքսանդրեթի հանձնում Թուրքիային,- ստեղծել էր Արշակ Չոպանյանը: Նույնպես բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրապարակագիր, ազգային-քաղաքական անխոնջ գործիչ, հայ մշակույթի պրոպագանդիստ, Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր: Հմայիչ մի անձնավորությունՙ որի ամենամոտիկ գործընկերները ֆրանսիական գրականության, արվեստների, մտավորականության, լրագրության տիտաններն էին, նաեւ Կլեմանսոյի նման պետական բարձրաստիճան գործիչներ: Հզորագույն մի փաղանգ ֆրանսիացիների, որոնք երբեք չվարանեցին իրենց կոչել Արմենոֆիլ եւ կատաղի պայքար մղել թուրքոֆիլ Պիեր Լոտիների ու Պիեր Բենուաների դեմ:
Բնավ չեմ կասկածում, որ Ֆրանկոֆոնիայի երեւանյան այս օրերին ոչ ոք չի հիշելու նրանՙ ֆրանսիական Արմենոֆիլ շարժման կերտիչին, որն այնքան տառապեց նաեւ, երբ իր եւ արեւմտահայության պաշտած «Ասպետակա՜ն Ֆրանսիան» այդպես ստորաբար լքեց հայ ժողովրդին, եւ նրա 50 տարվա աշխատանքը փուլ եկավ, Ֆրանսիայի դավաճանական քաղաքականության հետեւանքով: Չոպանյանի մեջքին չկար պետություն, հայկակա՛ն պետականություն: Նրա մահը սգաց փարիզահայությունը, Ազնավուրինըՙ պետական Ֆրանսիան եւ պետական Հայաստանը, երկու ժողովուրդները, ողջ աշխարհը:
***
Նախագահ Մակրոնի ճառի մեջ ես զգացի վերոհիշյալ դառն հիշատակների արձագանքը, նաեւՙ հայ ժողովրդի նկատմամբ դեռեւս չհատուցված մեծ պարտքի գիտակցումը: Սխալվո՞ւմ եմ արդյոք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր