22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

19 նոյ 2018 10:02

Ինչպիսի նոր բեռ կդառնա նոր՝23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը

Ինչպիսի նոր բեռ կդառնա նոր՝23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմըՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից  եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Այս նախաձեռնությունը որոշակի մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել Ռադիոլուրը:
Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց որն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն հարուցել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է՝ ո՞ւմ ուղարկված ի՞նչ գումարների հարկման մասին է խոսքը:

Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարեւանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել եւ ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով:
Միայն 2017-ին Հայաստան է մտել 1 մլրդ 756 միլիոն դոլար տրանսֆերտ: Սա միայն ֆիքսված թվերն են, այսինքն՝ այն գումարները, որոնք փոխանցվել են բանկերով կամ ֆինանսական համակարգերով: Դրան զուգահեռ՝ չափելի չեն առձեռն կամ այլ անձանց միջոցով երկիր ուղարկված հոսքերը: Որպես համեմատություն՝ նույն 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից ընդամենը մոտ 10 անգամ ավելի: Այսինքն՝ միայն տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը նախատեսում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը:

Բայց պոտենցիալ հարկ վճարող լինելու են ոչ միայն դրսից եկամուտ ստացողները, այլ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացած եղանակով ստանում են եկամուտ: Որպես առաջին քայլ՝ բոլորը պետք է լրացնեն սեփական եկամուտների հայտարարագիրը: Հետագա մեխանիզմը գլխավոր հարկահավաքը պատկերացնում է այսպես:
Կարծում եմ՝ պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ՝ եկող տարվա մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան:
23 տոկոս եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, որը զբաղված է գյուղոլորտում, որոնց արտադրանքի մի մասը հանվում է վաճառքի, բայց դրա շրջանառությունն էլ չի երեւում: Եկամտային հարկով լրացուցիչ կհարկվեն նաեւ գրանցված աշխատողները, եթե նրանք աշխատավարձից զատ այլ եկամուտ էլ ունեն: Ինչպե՞ս են արձագանքում ՊԵԿ-ի նոր մոտեցմանը մեր քաղաքացիները. «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը:
Մարդկանց եկամուտները հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը՝ առաջնորդվելով դրույթով, որ հենց սպառման ժամանակ են երեւում մարդու իրական եկամուտները:

Իսկ որպեսզի մարդն առավել շահագրգիռ լինի իր եկամուտները հարկային մարմիններին տեսանելի դարձնել, ՊԵԿ-ից որոշել են խթան էլ ներդնել. ID քարտերը դառնալու են կուտակիչ, ու այդ քարտով կատարված առեւտրի 1-3 տոկոսը կվերադարձվի քաղաքացուն: Դավիթ Անանյանը խոստովանում է՝ սա էլ մարդու եկամուտների ողջ պատկերը տեսնելու նախապայման չէ, բայց խթանելու որոշակի տարբերակ է:

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդունում է՝  բյուջեին եկամտի լրացուցիչ աղբյուրներ են պետք, պետք է հարկման արդարացի մեխանիզմ կիրառել, որպեսզի բարձր եկամուտ ունեցողը բարձր էլ հարկեր վճարի, սակայն նաեւ վստահ է՝ հարցի սոցիալական, էթիկական, խոցելի կողմերն անտեսել չի կարելի: Զարգացած երկրների մոդելը մեր տնտեսության զարգացման այս մակարդակում ներդնելն ու անցումը որքանով սահուն կլինի՝ տնտեսագետի համար միանշանակ չէ:
«Խոսքն արդարացի հարկային օրենսդրության ներդրման մասին է: Եթե դրանով արդարացիության հարցը լուծվում է՝ ես կողմ եմ, իհարկե: Բայց  թե դա ինչպես կիրագործվի, ինչպիսի դրսեւորումներ կունենա ու ինչ ազդեցություն սոցիալական վիճակի վրա, արդարացի կլինի, դա արդեն հարցի մյուս կողմն է»:
Հարկային բեռի բարձրացմամբ Հայաստանը կհաջողի՞ արդար հարկման խնդիրը լուծել, սոցիալական այս պայմաններում ինչպիսի նոր բեռ կդառնա նոր՝23 տոկոսանոց հարկը,  դեռ մնում է ժամանակի ու քննարկման լուրջ հարց:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր