22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

20 նոյ 2018 18:18

Նիկոլ Փաշինյանը սկսեց հեղափոխության արտահանումը

Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի հարցում գնահատում եմ կառուցողական: Այդ միտքն արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Փաշինյանը վերահաստատել է, որ բացատրություն է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից, Հայաստանի շահի ոտնահարման իրենց քայլերի համար:
ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի դիտարկումներում Ռուսաստանի դերն ու վերաբերմունքը հաճախակի ուշադրության առարկա է: Կա տեսակետ, որ Մոսկվան շահագրգռված է խնդրի արագ հանգուցալուծման հարցում, քանի որ ձգվող ճգնաժամը հարվածում է ՀԱՊԿ հեղինակությանը, որի անխոս առաջատար դիտարկվում է Ռուսաստանը:
Առերեւույթ իրավիճակն իսկապես այդպիսին է, սակայն խնդրի մեջ խորամուխ լինելու պարագայում թերեւս դժվար չէ արձանագրել, որ ՀԱՊԿ ճգնաժամը ամենեւին նոր չէ, եւ ավելին՝ ճգնաժամ հարուցողը Հայաստանը չէ, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանի նախկին իշխանության եւ Ռուսաստանում դրա ու Ադրբեջանի գործընկեր մի շարք շրջանակներ:
ՀԱՊԿ ճգնաժամն այդ կառույցի հիմքում է, դրանում դաշնակցային ընդհանուր թե ռազմա-քաղաքական, թե գաղափարախոսական հենքի բացակայությունը: ՀԱՊԿ նախաձեռնող Ռուսաստանը գործնականում դիտարկել է այն իբրեւ հետխորհրդային տարածության վերահսկման կամ ազդեցության պահպանման մեխանիզմներից մեկը՝ առավելապես երկկողմ սլաքներով: Անդամներից յուրաքանչյուրն էլ իր հերթին դիտարկել է զուտ իր եւ Ռուսաստանի հարաբերության պարագան, փնտրելով լուծումներ ՀԱՊԿ մեխանիզմում:
Ժամանակի ընթացքում, կազմակերպության այսպես ասած ֆորմալ ձեւավորման ու կայացման գործընթացին զուգահեռ, խորացել է ճգնաժամը, քանի որ կազմակերպության անդամները ֆորմալ շրջանակում օժտվել են փոխադարձ պարտավորություններով, միաժամանակ շարունակել է բացակայել այդ ամենի ընդհանուր շահային եւ գաղափարախոսական հենքը:
Հետեւանքը եղել է այն, որ ՌԴ հետ առանձին հարցեր ու խնդիրներ լուծող պետություններն աստիճանաբար սկսել են խանգարել իրար, թիրախավորել իրար: Եվ այդ համատեքստում էլ ժամանակի ընթացքում թույլ օղակի դերում է հայտնվել Հայաստանը, մի շարք պատճառներով, որոնք բխել են Հայաստանի իշխանության ներքին բնույթից, լեգիտիմության բացակայությունից, մեղմ ասած անարդյունավետ ու հանցավոր կառավարումից, ինչի հետեւանքով Հայաստանը տարեցտարի կորցրել է սուբյեկտությունն ու մեծացրել կախվածությունը Ռուսաստանից:
Ռուսաստանն այստեղ հայտնվել է բավական բարդ վիճակում: Անիքնիշխան եւ փաստացի նաեւ անիքնասեր կառավարման համակարգ ունեցող Հայաստանը դարձել է անվստահելի: Մյուս կողմից, այդ իրավիճակը իր հետ քայլ առ քայլ բերել է հասարակական-քաղաքական «մակաբույծների» մի ահռելի բանակի ձեւավորման, որոնք սկսել են խաղալ այդ անվստահության վրա, միաժամանակ օգտվելով նաեւ Ռուսաստանում ելցին-պուտինյան տրանսֆորմացիայի իրողություններից: Նրանք սկսել են Ռուսաստանի վերակազմակերպվող իշխանությանը հավատացնել, որ կա Հայաստանը ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում պահելու մեկ տարբերակ՝ թույլ չտալ Հայաստանում ներքին ստատուս-քվոյի որեւէ փոփոխություն, միաժամանակ այդ իրավիճակի պարեկ նշանակել հենց իրենց՝ բնականաբար «բարձր վարձատրությամբ»:
Այս փուչիկը Կրեմլի երեսին պայթեց 2016 թվականի ապրիլին:
Մյուս կողմից, սակայն, Հայաստանում իշխող համակարգը դիմադրեց առանցքային վերափոխումների հասարակական պահանջին: Ճակատագրական եղավ Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետը»:
Հայաստանի նոր իշխանությունը դրել է ինքնիշխանության եւ սուբյեկտության, արժանապատիվ արտաքին քաղաքականության խնդիր եւ այստեղ ՀԱՊԿ-ը իրադարձությունների բերումով հայտնվել է առաջին պլանում: Ու դա պատահական չէ, քանի որ խնդիրը շատ ավելի լայն է եւ ուղղակիորեն առնչվում է ոչ միայն հետխորհրդային կամ եվրասիական, այլ միջազգային անվտանգության համակարգին:
Ինքնիշխան Հայաստանը դրանում ունի ահռելի իմաստ եւ դերակատարում, ինչը Նիկոլ Փաշինյանը սկսել է իրականացնել: Ռուսաստանի կառուցողականությունն այստեղ լոկ դիվանագիտական ռեվերանս չէ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը, կատարելով իր դերը, գործնականում Ռուսաստանին տալիս է այն հնարավորությունը, ինչը Պուտինը երբեք չէր կարող իրացնել անձամբ, հաշվի առնելով Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ նրա այսպես ասած անցած ճանապարհը եւ կապող հանգամանքները:
Մոտավորապես այնպես, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանը չէր կարող Հայաստանում համակարգ բարեփոխել, հաշվի առնելով այդ համակարգի քրեաօլիգարխիկ շրջանակների հետ փոխադարձ կապերը:
Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի առաջ խնդիրները կարող էր դնել մեկը, ով որեւէ կերպ կաշկանդված չէր նրանց հետ անցած ճանապարհով:
Գործնականում, Նիկոլ Փաշինյանը ներկայում թավշյա հեղափոխություն է իրականացնում հետխորհրդային տարածությունում, եվրասիական անվտանգության համակարգում, այդպիսով համենայն դեպս ձգտելով ստեղծել իրավիճակ, երբ եվրատլանտյան ու եվրասիական համակարգերի հատման կետում գտնվող Հայաստանը կարող է դառնալ ոչ թե բախման, այլ համադրման կետ այդ երկու համակարգերի համար:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հնչում էին կասկածներ, թե եվրասիական տարածությունում անփոփոխ ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահություն չունեն, քանի որ ունեն հայաստանյան փորձի արտահանման մտավախություն: Իրականում սակայն, բացարձակապես չկա հայաստանյան փորձը այդ երկրներ արտահանելու մեխանիկա եւ մոտիվացիա, երկրները խիստ տարբեր են իրենց ներքին ու արտաքին առանձնահատկություններով:
Հայաստանի թավշյա հեղափոխությունը եվրասիական տարածություն այսպես ասած ընդլայնվում է՝ բացարձակապես ձեռք չտալով Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի ներիշխանական դիրքերը: Ու այդ հանգամանքն է նաեւ, որ նրանց փաստացի զրկում է առանցքային փաստարկներից եւ ստիպում բացահայտվել եւ կանգնել կամ խոստովանության, կամ վարքագծի առանցքային վերանայման հրամայականների առաջ:
Հայաստանը սկսել է ՀԱՊԿ ճգնաժամի հաղթահարման լրջագույն գործընթաց, որն իր մեջ պարունակում է առնվազն կովկասյան ռեգիոնում միջազգային անվտանգության ճգնաժամի հաղթահարման հեռանկար: Ռուսաստանն այդ առումով ստանում է եվրասիական անվտանգության համակարգում իրապես առաջատար, եւ միջազգայնորեն լեգիտիմ դերակատար լինելու հնարավորություն: Այդ իմաստով է, որ առերեւույթ է, թե Մոսկվան ունի շուտափույթ հանգուցալուծման սպասում: ՀԱՊԿ-ում վերափոխման Հայաստանի սկսած գործընթացը չունի շուտափույթ հանգուցալուծում եւ խորքային առումով արժեքավոր ու նշանակալից է հենց այդ իմաստով:
աղբյուր՝ lragir.am

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր