Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

30 նոյ 2018 13:13

Մեղավորությունն իմն է. Համլետ Ղուշչյանի պարզաբանումը

Մեղավորությունն իմն է. Համլետ Ղուշչյանի պարզաբանումը«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր՝ դեկտեմբերի 3-ին կլինի հեռուստաբանավեճ իր եւ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովի միջեւ: Սակայն ժամեր անց Էդուարդ Շարմազանովը հերքեց Ալեն Սիմոնյանի՝ բանավեճի հայտարարությունը, ապա մեղադրեց ստի ու կեղծիքի համար:
Ալեն Սիմոնյանը նոր գրառում է անում. «Երեկ օգնականիս միջոցով ինձ հետ է կապվել պ-ն Համլետ Ղուշչյանը և առաջարկել բանավեճ Էդուարդ Շարմազանովի հետ` ասելով, որ վերջինս համաձայն է, և մնում է միայն ժամը ճշտել, որի մասին ես գրառում եմ կատարել` նշելով, որ նման բան է նախատեսվում: Այս հնարավոր բանավեճը Սերժի ներկայացուցչի մոտ այնպիսի տագնապ է առաջացրել, որ նա շտապել է բավականին լկտի ձևով հերքել նախընտրական շրջանում իմ հետ հնարավոր բանավեճի մասին լուրը: Կոչ եմ անում ավելի զուսպ և բարեկիրթ լինել, երբ նույնիսկ տագնապ է սկսվում այն մտքից, որ կարող է քեզ հետ բանավիճեմ: Սիրուն չէ նման ոճով խոսելը, բա դու է՞դ տղեն ես»:
Araratnews.am-ը զանգահարեց «Հ3»-ի հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանին՝  տեղեկանալու, թե ո՛վ է մեղավոր, ըստ էության, չկայացած բանավեճի համար: «Ես զանգահարել էի Ալեն Սիմոնյանին և հրավիրել հեռուստաբանավեճի Էդուարդ Շարմազանովին: Ալեն Սիմոնյանը համաձայնեց: Դրանից հետո զանգահարեցի Էդուարդ Շարմազանովին, սակայն նրա հեռախոսահամարը չէր պատասխանում: Զանգահարեցի Վահրամ Բաղդասարյանին, ասացի՝ ցանկանում եմ Էդուարդ Շարմազանովին հեռուստաբանավեճի հրավիրել: Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ կասի Շարմազանովին: Բայց ես չէի պայմանավորվել հստակ ժամի մասին, Ալենն էլ երեւի շտապեց… Հետո պարզվեց՝ Էդուարդ Շարմազանովը Լոռիում է, քարոզարշավ է անում, չի կարող գալ»,- ասաց  հեռուստահաղորդավարը:
Մեր դիտարկմանը, թե ինչքանո՛վ է կոռեկտ, երբ չկայացած հեռուստաբանավեճի համար  ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մեղադրում է Ալեն Սիմոնյանին, Համլետ Ղուշչյանն ասաց, որ այսօր առավոտյան Էդուարդ Շարմազանովի հետ է կապ հաստատել, ներողություն խնդրել թյուրիմացության համար: «Ես զարմանում եմ: Երեւի ՀՀԿ-ականներն այդ հայտարարությունն արել են մինչեւ իմ զանգահարելը: Ես ասել եմ՝ կներեք, որ թյուրիմացությունն ինձանից է գալիս, Ալեն Սիմոնյանը մեղավոր չէ»,- ավարտեց իր խոսքը «Հ3»-ի հեռուստահաղորդավար  Համլետ Ղուշչյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր