Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

13 դեկ 2018 12:11

Եթե իրոք մտահոգված ենք Արցախի ճակատագրով, պետք է անհապաղ վերացվի դրսից պարտադրված կառավարման նախագահական ձևը

Եթե իրոք մտահոգված ենք Արցախի ճակատագրով, պետք է  անհապաղ վերացվի դրսից պարտադրված կառավարման նախագահական ձևըՆկատի ունենալով Արցախի Հանրապետությունում ու նրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները, նպատակահարմար ենք գտնում մեր հայրենակիցներին մի երկու խոսք հղել, որոնք, կարծում ենք սթափեցնող ազդեցություն կունենան ու հատկապես 2020թ. նախագահական ընտրություններում Արցախը չի հայտնվի նախկին վարչապետի ու պետնախարարի և այլ նմանատիպ բախտախնդիրների թակարդում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ տասնյակ տարիների անփոփոխ ֆինանսական համակարգի ղեկավար ու Արցախում ամենակոռումպացված մարդկանցից մեկի՝ Սպարտակ Թևոսյանի «քաղցր աչքով» Արայիկ Հարությունյանը դարձավ ամենահարուստ մարդկանցից մեկն այս աղքատիկ երկրամասում: Իսկ թե դա ինչպես է սովորաբար կատարվում, գրեթե բոլորին հայտնի է: Այլ ձևով ասած, ինչպես հայաստանյան իրականության մեջ, նման մարդկանց պետք էր ունենալ քաղաքական հենարան, որը և շուտով ստեղծվեց: Դա 2005թ. էր: Որոշվեց շտապ գործի անցնել, մանավանդ որ այդ ժամանակ իշխանությունների պատկերացմամբ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ևս որոշակի ուժ էր ներկայացնում ու կար նույնիսկ մտահոգություն իշխանության գալու և խաթարելու կոռումպացված բուրգի «բնականոն ընթացքը»:
Եվ ահա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված «Բարգավաճ Հայաստանը»-ի տարբերակով Արցախում ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ «Ազատ Հայրենիք» կոչեցյալը, որն առաջին հայացքից թվում էր Արցախի ցավերով մտահոգ, բայց, իրականում, մի շինծու և ոչինչ չասող, անդեմ կուսակցություն: Ի դեպ, հարկ է նաև նշել, որ այդ կուսակցության հիմնադիր ժողովը կայացել էր մեկ այլ նույնատիպ անդեմ կուսակցության՝ ԱԺԿ-ի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն) «կարկառուն» ներկայացուցիչ ու այն ժամանակվա արտգործնախարար Աշոտ Ղուլյանի գրասենյակում:
Արցախի Հանրապետության նախագահի փոփոխությունը փաստորեն չխաթարեց կոռումպացված բուրգը: Մեր օրերի «քաջ Նազարը»՝ Արայիկ Հարությունյանն այս անգամ, արդեն կուսակցական մեծամասնության դիմակով հայտնվեց վարչապետի պաշտոնում: Եվ, ինչպես ասում են՝ գնացքն արդեն ավելի մեծ թափով սկսեց առաջ գնալ: 13 երկար ու ձիգ տարիների ընթացքում Ա. Հարությունյանը դժվարությունների ու կարիքի մեջ գտնվող այս փոքրիկ երկրամասում այնքան հարստություն է դիզել, որ կարող են նախանձել նույնիսկ հարավամերիկյան ամենակարկառուն մաֆիոզները: Մեկը մյուսի հետևից ծլարձակվում են մի շարք ձեռնարկություններ՝ դառնալով նրա սեփականությունը: Դրանց շարքում են Ստեփանակերտի, Մարտունու, Կարմիր շուկայի գինու-կոնյակի գործարանները, որոնք կարելի է ասել՝ աննշան կոպեկներով նվիրաբերվել են Արայիկին ու նրա մերձավորներին:
Շուտով ասպարեզ եկավ նաև Սարգսաշենի ձեթի կոմբինատը, որի հիման վրա Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը սկսեց հարմարեցվել նաև այդ գործարանի պահանջներին: Ցանքաշրջանառության զարգացման անվան տակ, գյուղացիներին համոզում են ցանել արևածաղիկ, կտավհատ և այլն, միայն թե կոմբինատը աշխատի: Մարդկանց որոշակի շրջանակներում վրդովմունք ու դժգոհություն էր առաջանում՝ «սաղ հողերը զավթել է» ձեւակերպմամբ: Եվ երբ ամեն անգամ հարց էր բարձրացվում այսպես կոչված «հողերի հանձնման» մասին, այդ վրդովմունքն ավելի էր նկատելի դառնում:
«Ազատագրված տարածքների ամբողջ հողատարածքների տերը վարչապետնա, թող նա էլ տեր կանգնի դրանց ու բանակցի Ալիևի հետ: Թուրքերը թող իրենից պահանջեն…..», ասում էին մարդիկ: Եվ իրոք, սա այն դեպքն է, երբ ասում են, որ մարդու ագահությունը սահման չունի: Տիրանալով 1000-ավոր հեկտար արտերի ու այլ կարգի հողատարածքների, նախկին վարչապետն առանձին վայրերում կլանել է նույնիսկ բնակավայրերին անմիջականորեն հարող տարածքներ, դրանք դարձրել խոտհարքներ՝ սեփական անասնապահական տոհմական ֆերմաների եվրոպացեղ թանկարժեք, բարձր մթերատվությամբ կովերին կերով ապահովելու համար: Բայց հատկանշական է հատկապես մեկ այլ դրվագ: Ըստ շրջանառվող լուրերի, ամեն տարի բյուջեից հարյուրավոր միլիոններ են հատկացվում այդ ֆերմաներին: Դարձյալ ըստ շրջանառվող լուրերի Արայիկին են պատկանում Ստեփանակերտ քաղաքի մի շարք առևտրական կենտրոններ, «Կարս» հյուրանոցը, «Տեխնոշին» և «Հիմնաքար» շինարարական կազմակերպությունները, որոնք զբաղվում են էլեկտրական գծերի անցկացման ու այլ շինարարական աշխատանքներով: Ընդ որում, այստեղ ևս պետական բյուջեից գումարներ են ներդրվում: Օրինակ, ըստ տեղեկությունների, մոտ 6 տարի առաջ, նշված «Հիմնաքար»-ին էլեկտրագծերի անցկացման համար հատկացվել է 8 միլիարդ դրամ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախկին վարչապետին է պատկանում նաև դռների ու պատուհանների արտադրամասը, որի տնօրենն իր վարորդի եղբայրն է, վերջերս էլ հայտնի դարձավ, որ նրա սեփականությունն է նաև փայտի-բրիկետի «Տեխնովուդ» կոչված վառարանների գործարանը քաղաքի մերձակայքում: Նաև փայտի-բրիկետի պատրաստման ձեռնարկությունը Չանախչի-Ավետարանոցում, որի տնօրենը նրա մերձավորներից է՝ պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը, ով շուրջ մեկ մլն. դոլարի վարկ է ստացել հիմնադրամից ու մարդկանց ասելով արդեն վեց տարի սանիտարական մաքրման անվան տակ օգտվում է դարավոր անտառից, այդ բնակավայրում:
Իսկ ընթացիկ տարում այստեղ դեռ պետք է կտրատվի ևս 1500խոր.մ: Նախկին վարչապետին է պատկանում նաև Ստեփանակերտի Ալրաղացը, Կովսականի ոսկու հանքի մի մասը, Ասկերանի գաջի գործարանը: Փաստացի Արայիկին է պատկանում նաև այսպես կոչված «Ֆիդես» հիպոթեքային ընկերություն-հիմնադրամը՝ ձևակերպված իր մտերիմ Լիանա Ադամյանի անունով, ով Արցախում աշխատավարձ է ստանում, Երևանում ապրում, եվրոպաներում շրջագայում: Ըստ շրջանառվող լուրերի, նրան են պատկանում նաեւ Քարվաճառի (Լեվ գետի վրայի) և Զաբուխ (Աղավնո) գետի վերնամասում գտնվող հիդրոէլեկտրակայանները: Բացի այդ, նաև անվան հետ է կապվում մեկ այլ հզոր ՀԷԿ՝ Հակարի գետի ստորին հատվածում, ներկայիս Ծաղկաբերդ բնակավայրի մոտ, որի կառուցումն ընթացքի մեջ է։ Արայիկ Հարութունյանն այս ամենով սակայն չի բավարարվել՝ որոշել է մուտք գործել հայաստանյան տնտեսական դաշտ՝ նա «Աշտարակ կաթ»-ի սեփականատերերից մեկն է:
Մենք հարկ չհամարեցինք ավելին ծավալվել ու կանգ առնել «մանր-մունր» հարցերի վրա, ինչպիսիք են պետական բյուջեից հատկացումները սոցիալական ծրագրերին՝ բարեգործության անվան տակ, պետական ծրագրերը՝ կապված վարկային քաղաքականության հետ, մասնավորապես՝ բնակարանների ձեռք բերման, գյուղատնտեսության զարգացման և այլ նախաձեռնություններ, որոնք հանրությանն էին ներկայացվում որպես վարչապետի բարի կամեցողության հետևանք և օգտագործվում ընտրությունների ժամանակ իր կուսակցության հաղթանակի համար: Հարկ ենք համարում նաև նշել, որ որոշ ծրագրերի տապալումը վերագրվում է նախկին վարչապետին: Օրինակ, պետական միջոցներով ձեռք բերված գյուղատնտեսական նոր թանկարժեք տեխնիկան, որի հիման վրա ձևավորվել են ՄՏԿ-ներ (մեքենատրակտորային կայան), կարճ ժամանակ անց շատ էժան գներով հայտնվեցին այլ անձանց ձեռքում: Կամ ասենք, Սիրիայից ձեռք են բերվել մինչև 40 մլն. դրամ արժողությամբ թթենու տնկիներ, որոնք իբր-թե եղել են պատվաստված, սակայն, իրականում եղել են ղարաբաղցու ասած «ժեռ ծառեր»՝ ոչ պիտանի…..
Եվս մի դրվագ. Տարիների ընթացքում մասնավոր բանկերից բարձր տոկոսադրույքով (մինչև 12-13 տոկոս) ձեռք են բերվել միլիարդների հասնող վարկեր, որի հետևանքով, այսօր ապագա սերունդների վզին պարտք են մնացել: Պետությունը պետական բյուջեից ամեն տարի մինչև 1.5 միլիարդ դրամի չափով տոկոս է փակում: Հարց է ծագում. ո՞վ է եղել այդ ամենի թիկունքին կանգնած: Բնականաբար՝ նախկին կառավարությունը եւ վարչապետը, ով որպես անմեղ «Աստծո գառ» հունիսի 6-ին հրաժարական տվեց:
Եզրակացություն. Արցախցիները, հանձինս Արայիկի պետք է ձերբազատվեն նախագահի նման թեկնածուներից: Պարզ է, որ ձեռք բերելով անսահմանափակ իշխանություն, նման մարդիկ դառնալու են պատուհաս մեր բոլորի գլխին:
Նման երևույթներից խուսափելու համար, նախ և առաջ պետք է Արցախում հնարավորինս շուտ կատարվեն համակարգային փոփոխություններ: Փոխվի սահմանադրությունը՝ մտցվի դրա հայաստանյան տարբերակը, որ երկու հանրապետությունները գործեն մեկ միասնական դաշտում: Մի ժողովուրդ չի կարող երկու տարբեր համակարգերում ապրել, որը պայմաններ է ստեղծում այսպես կոչված՝ ղարաբաղցի-հայաստանցի և այլ տարբերակումների ու հակադրությունների համար: Եթե իրոք մտահոգված ենք Արցախի ճակատագրով, պետք է այստեղ անհապաղ վերացվի կառավարման նախագահական ձևը, որն ամենայն հավանականությամբ դրսից պարտադրված ու ներմուծված ապազգային մի չարիք է՝ միտված Արցախը Մայր Հայրենիքից կտրելուն, այն պատանդային կախվածության մեջ պահելուն, քաղաքական հարցերում ճնշումներ բանեցնելուն և այլ հեռագնա նպատակներին ուղղված:
Արժե՞, արդյոք, այսքանից հետո բացատրել մեր հասարակությանը, թե ինչի համար է պարոն Հարությունյանը իր շքախմբով հանդերձ մեկնել օգոստոսի 17-ի երևանյան հանրահավաքին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:
ՀԳ. Նախկին վարչապետի վերը նշված ունեցվածքի մի զգալի մասը փաստացի ձևակերպված է այլոց անուններով:
Սասուն Խալատրյան
Ստեփանակերտ-Երևան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր