ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը
![](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1546587830_ap.thumb_.jpg)
Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:
Ներկայում, օրենսդրության համաձայն, որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:
Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Ն. Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել էր Ռուսաստան: Հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան էին ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:
Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը հայտարարել էր, որ զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն: Նահանգապետը նաև մանրամասնել էր, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:
Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:
Բացի այդ, ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը, անդրադառնալով դեպքին, բացահայտել էր, որ կասկածյալների ինքնությունը հունվարի 2-ին և մեկ օր անց արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:
Նախօրեին Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մինչդեռ ոստիկանությունն ահազանգ է ստացել 4:40-ին:
«Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ծեծկռտուքին մասնակցած 14 անձանց ինքնությունը: Անձնակազմի կողմից մասնակցել է 9 մարդ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 մարդ է եղել: Գիշերվա ժամը 3-ից ռեստորանն աշխատանքային ռեժիմի համաձայն սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել՝ կոնֆլիկտի համար հիմք դառնալով: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան տասը մարդ, որոնք փորձել են բռնի ուժով ռեստորան ներխուժել, տարբեր բառեր են բղավել»,- պատմել է փոխնախարարը:
Պաշտոնյայի խոսքով՝ ռեստորանի սեփականատերերն ու անձնակազմը պատասխան «քայլեր են ձեռնարկել», խմբակային կռիվ է սկսել:
ՆԳՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել:
«Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր, քանի որ կոնֆլիկտը ծագել է ռեստորանում գտնվելու ժամանակ: Ազգամիջյան կոնֆլիկտի հարցը տվյալ պարագայում չի դիտարկվում»,-հայտարարել է Սուլեյմենովը: