Գազի հարցով հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել
«Կան հետաքրքիր զարգացումների հնարավորություններ, հիմա այդ հնարավորությունները քնարկվում են և ՀՀ ներսում, և ռուսաստանյան գործընկերների հետ»,- այսօր լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին:
Հարցին, թե հնարավո՞ր է գազի գինը նվազեցվի, որոնք են այդ հետաքրքիր զարգացումները, նա պատասխանեց.
«Ամեն դեպքում, հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: Եվ ես սա չեմ ասում, որ որևէ լղոզված կամ խուսափոխական պատասխան տամ, իսկապես տարբերակներ կան, քննարկելու թեմա կա, հարցեր ու ենթաթեմաներ կան: Հիմա և մեր կառավարությունն է աշխատում այդ ուղղությամբ, և ակտիվ կոնտակտներ կան ռուսական կողմի հետ”, ասաց նա:
Հարցին՝ բանակցում են ռուսական կողմի հետ, թե՞ միայն Գազպրոմ Արմենիայի ղեկավարության, Միզոյանը պատասխանեց՝ և-և:
"Շատ տարբեր սցենարներ կան, քննարկվում է ինչպիսին կլինի արդյունքը, քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ: Ես մի բան կարող եմ ասել՝ և գործընթացում ընդգրկված հայկական կողմից բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների ու երկրի համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար”,- հավելեց նա: