Մենք իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նվերներին, որոնք ժամանակ շահելու համար են

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀԺ-ի հետ զրուցում նշեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցչի արած հայտարարությունը զարգացումների տրամաբանական շարունակությունն է: «Կարծում եմ, որ այս պահին ունենք բավականին բարդ իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը ներքին սպառման համար արված հայտարարությամբ Ադրբեջանին ուղերձ հղեց՝ ասելով, որ նախկինում արծարծված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի կարող մեզ համար ընդունելի լինել: Ես կարծում եմ, որ գնալով ավելի կսրվի Ադրբեջանի հռետորաբանությունը: Մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների, որովհետեւ Ադրբեջանի այն քաղաքականությունը, որ սահմանի վրա՝ բանավոր պայմանավորվածություններով, կայունություն ապահովելը մեզ թմրեցնելու համար էր: Մենք իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նմանօրինակ նվերներին, պարգեւներին, որոնք ժամանակ շահելու համար են, որպեսզի սպառազինության համալրումների հաշվին այնպիսի առավելությունների հասնի, որն իրեն թույլ կտա գնալ այնպիսի գործողությունների, որն այսօր չենք էլ հաշվարկում»:
Հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հարցադրումը՝ «արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել», սպառնալիք է, Բաբաջանյանը պատասխանեց. «Մենք այդ սպառնալիքն ամեն օր պետք է դիտարկենք եւ ամեն օր պիտի պատրաստ լինենք այդպիսի զարգացման»:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը պետք է նման հայտարարություն աներ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Եթե դա ներքին սպառման համար արված հայտարարություն չի, դա իրերն իրենց տեղը դնելու եւ Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձեւակերպում էր: Մենք պետք է հասկանանք, թե ադրբեջանական կողմն ինչ զիջումների է պատրաստ, որից հետո հայկական կողմը պատրաստ է խոսել զիջումների մասին: Հայաստանը 1994 թվականից հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա մնա Մինսկի խմբի շրջանակներում»: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում