ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերեւույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը եւ մեխանիզմը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
Տվյալներ են ձեռք բերվել՝ վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: