Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

08 մար 2019 18:30

ՏՈՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորական ու իշխանական կանանց Մարտի 8-ը
 
Առիթ եղել է` ասել եմ, կանանց տոնը հենց կանանց հանդեպ խտրականության դրսեւորում է, համենայնդեպս` ես այդպես եմ զգում: Բայց քանի որ աշխարհի հետխորհրդային հատվածը շարունակում է կարեւորություն տալ այդ տոնին, չնայած նրան, որ զարգացած շատ պետություններում այդ տոնը դանդաղորեն անցնում է պատմության գիրկը, մենք էլ առայժմ ստիպված տոնի բովանդակության մեջ մնանք` գոնե օրացույցով ու այս ենթավերնագրի տակ:
 
Հետաքրքրական զուգադիպությամբ` մամուլում վերջին մի քանի օրը ամենաքննարկվող անձը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին զուգահեռ` նրա ու իր դստեր եւս Բրյուսել մեկնելու պարագան:
 
Այն, որ լրագրողները, Բրյուսելում գտնվելով եւ փողոցում Աննային ու դստերը հանդիպելով` հարցեր չեն ուղղել նրան, ինչպես գրել է Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակում», կարող է նշանակել երկու բան` կամ բոլորն էլ եղել են «մերոնքական» լրագրողներ, ինչպես որ տասնյակ տարիներով իշխանություններն իրենց սիրելի լրագրողների շրջանակն են ունեցել, ու ոչ մի` իշխանության քիմքին անհաճելի լրագրող չի հայտնվել առաջին դեմքերի արտերկրյա այցերը լուսաբանող լրագրողների շարքում, կամ, եթե այդպես չէ` վախեցել են հարցեր տալ, որ մյուս անգամ արտերկիր այցից չզրկվեն, որը վերջին հաշվով նույնական է առաջին տարբերակի հետ (ես ինձ թույլ չեմ տալիս կասկածել մեր լրագրողների մասնագիտական կարողություններին): Մինչդեռ իշխանափոխությանը նպաստած շատ լրագրողներ հենց դրա համար էին ջանում, որ այլեւս Հայաստանը չբաժանվի մերոնքականների ու ձերոնքականների: Իհարկե, հայաստանյան ԶԼՄ-ների շատ զգալի հատված նախկին իշխանություններից է սնվում, այնպես որ`միգուցե դժվարությամբ, բայց Աննային էլ կարելի է հասկանալ:
 
Բոլոր դեպքերում, սակայն, Աննա Հակոբյանը լավ կլինի այդպես զգայական չարձագանքի մամուլի հրապարակումներին, սովորաբար իշխանության առաջին դեմքերի տիկնանց լավ լույսի տակ չներկայացնելը մամուլի հիվանդությունն ու սովորությունն է ողջ աշխարհում, դրան միայն կարելի է հակադրել տեղեկատվության բացարձակ թափանցիկությունը, ժամանակին իրազեկելը, թե ուր եւ ինչու է մեկնում գործադիր իշխանության ղեկավարի կինը: Սա թույլ կտա գոնե ծածուկ մեկնելու փաստ չշահարկել, իսկ էմոցիոնալ, կասեինք` անգամ վիճահարույց հրապարակում-պատասխանը տիկնոջ օգտին չէ: Դրան հակադրենք ավելի տխուր բան. պատկերացնո՞ւմ եք` ինչ սարսափելի բան կլիներ, եթե մամուլը մոռանար Աննա Հակոբյանին, կարեւոր չէ` դրական, թե բացասական երանգով են գրում նրա մասին: Մինչդեռ մամուլում նրա մշտական ներկայությունն ու աղմուկը նրա անվան շուրջ խոսում են նրա գործոն ու գործիչ լինելու մասին: Այնպես որ` նա եւ նոր իշխանության այլ դեմքերի տիկնայք եւս պետք է սովորեն հանդարտ ու հանգիստ նայել ամեն տեսակի քննադատության, իսկ որ ավելի կարեւոր է՝ իսկապես զսպեն իրենց այրերի հետ առիթ-անառիթ մեկնելու ցանկությունը, առայժմ գոնե... Բայց բոլոր դեպքերում Աննա Հակոբյանին մամուլային անդրադարձների քանակն ( անկախ ուղղվածությունից) վարկանիշի խնդիր լուծում է՝ նա կարող է մրցակցային նույն հարթության մեջ գտնվել, ասենք, հանրաճանաչ Հասմիկ Պապյանի հետ: Այս բոլորին անդրադարձ ենք անում կանանց տոնի թեմայի մեջ:
 
Այս իմաստով` իշխանափոխությունից հետո հանրային մակարդակում քննարկվող կանանց, կամ, եթե ավելի ստույգ լինենք` նրանց անունների շուրջ աղմուկի պակաս չկա մեր մամուլում: Վերջին շրջանում հանրային դիսկուրսի նյութ էին դարձել մշակույթի լուծարված նախարարության` դեռեւս մինչեւ երեկ նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի տեսակետները, լրագրողների ուշադրությունից անմասն չեն մնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, մի երկու կին փոխնախարարներ: Իսկ խորհրդարանում կին պատգամավորները սպառնում են ամենակտիվ դերակատարներ դառնալ` նոր ԱԺ-ի առաջին նիստերում ելույթ ունեցողների մեջ զգալի կշիռ կազմելով, խորհրդարանի միջանցքներով օծանելիքի, սանրվածքի ու հագուստի մի բազմաբղետ ու անդադար բրուոնյան շարժում կազմակերպելով: Ամենամեծ խմբակցությունում, «Իմ քայլում», 22 կին պատգամավոր կա, իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարը կին է` աննախադեպ բան մինչեւ հիմա, Լիլիթ Մակունցը, որն առաջին հայացքից թվում է կանացի եւ անպաշտպան, բայց կամաց-կամաց բնավորություն է ցույց տալիս: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առումով նորությունը շատ մեծ չէ, նրանից առաջ կին փոխնախագահներն էին Արեւիկ Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանը: 22 կին պատգամավոր` «Իմ քայլի» 88-ից, սա խոստովանենք, առաջընթաց է` նախկինում խորհրդարանական կանանց նվազ թվերի հետ եթե համեմատենք:
 
ԲՀԿ խմբակցությունում 5 կին պատգամավոր կա 26-ից, նրանցից ամենահայտնին ու մամուլում քննարկվողը շարունակում է մնալ Նաիրա Զոհրաբյանը` հատկապես վերջին շրջանում ոճային լուսանկարների իր հավաքածուի հրապարակմամբ: «Լուսավոր Հայաստանում»`18-ից 4-ն են կին` իսկ այդ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին շատերն են ճանաչում: Ընդհանուր թվով խորհրդարանի մոտ մեկ քառորդը կին է, թեեւ դեռ վաղ է խոսել ԱԺ աշխատանքի վրա այդ հարաբերակցության դրական կամ բացասական անդրադարձի մասին, մանավանդ՝ այնտեղ են հայտնվել նաեւ որոշ էպատաժային կերպարներ:
 
Ազգային ժողովի նախագահի տիկնոջը լայն հանրությունը չի ճանաչում, նրա անվանը հանդիպել եմ մի երկու անգամ սոցիալական ցանցի քննարկումներում: Բոլոր դեպքերում սեփական կանանց թաքցնելը չի սպառնում մեր իշխանավորներին, որն առկա էր նախկին իշխանության դեպքում, ինչպես երեւում է` նորերի կանայք ուզում են ներգրավված լինել հանրային կյանքում: Հայաստանի նախագահի տիկինն, անգամ իր համեստ տեսակով հանդերձ, ճանաչելի է` գոնե իր ձեռնարկների շրջանակում:
 
Բոլոր դեպքերում մենք շնորհավորում ենք իշխանական եւ ոչ իշխանական բոլոր կանանց, ու առանձնապես հայ սովորական կնոջը, որը վերը նշված իշխանական կանանց օգնությամբ է նաեւ դեռեւս գտնվում սարսափելի սոցիալական պայմաններն ամեն օր հերոսաբար հաղթահարելու անհավասար պայքարի մեջ ու հույսը չի կորցնում, որ մի օր պայքարող զինվորից, իրոք, կվերածվի կնոջ:
ՄԱՐԻԵՏԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր