17:16 - Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել         17:15 - Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը      16:55 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել    

09 մար 2019 18:20

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ

Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջԱրցախի խնդրի շուրջ խոսքի մակարդակում այս շաբաթ կուտակումներ եղան Բրյուսելում, Հայաստանում, եւ ոչ միայն: Արտառոց մտքեր թեեւ չեն հնչել, բայց ինչ-որ տարօրինակ աշխուժություն, այնուամենայնիվ, հարցի շուրջ կա, ու դա հավանաբար կապ ունի այն բանի հետ, որ մարտի կեսերին սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում:
 
Մինչեւ Փաշինյանի Բրյուսել այցը` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եղել էր Արցախում, ի թիվս այլ հայտարարությունների նշել վերաբնակեցման ծրագրի` ազգային անվտանգության երաշխիք լինելու մասին, ընդգծելով, որ հողերի բնակեցումը կչեզոքացնի հողերը հանձնելու մասին խոսակցությունները, իսկ հայկական պետականությունը պատասխանատու է իր վերահսկողության տակ գտնվող աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական տարածքի համար: Սրան հաջորդել էին ադրբեջանական կողմից անհանգստություն եւ քայլեր` միջազգային աջակցություն եւ պարզաբանում ստանալու այս հայտարարության վերաբերյալ:
 
Բրյուսելում եւ Հայստանում հնչած մի շարք հայտարարություններ իրար համադրելը թողնելով ընթերցողին, առայժմ արձանագրենք միայն մի քանի ձեւակերպումներ:
 
Եվրոհանձնակատար Յոհանես Հանը ասում էր` բանակցությունների ձեւաչափը չպետք է փոխվի: Սա ադրբեջանցիք ընկալել են, թե Արցախը չի վերադառնա բանակցությունների սեղան, մինչդեռ Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ բանակցային ձեւաչափում Հայաստանի վարչապետն ասել է համարյա բրյուսելյան բոլոր հրապարակային հանդիպումներում:
 
Նույն Հանը խոսում էր Արցախի հարցի շուտափույթ կարգավորումից` միջազգային իրավունքին համապատասխան, իսկ վարչապետ Փաշինյանի հնչեցրած մտքերից է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, թե իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցովՙ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչության շահերը: Եւ այս այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում:
Բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ Հանի ասածն էլ ուղղակի Մինսկի խմբի շրջանակն է մատնանշում, քանի որ միջազգայնորեն վաղուց ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ամրագրված 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ:
 
Այս ֆոնին` ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի այն ենթադրությունը, թե ԵԱՀԿ ՄԽ պասիվությունն ու Հայաստան-Ադրբեջան շփումների ակտիվությունը այս վերջին ամիսներին նշանակում են, թե աշխատանքային ինչ-որ նախագիծ գոյություն ունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկկողմ հանդիպումների արդյունքների արձանագրողի նոր դեր է ստանձնել սոսկ, թվում է միտումնավոր արտահոսք` Փաշինյան-Ալիեվ հանդիպումից առաջ: Նպատակը կարող է լինել կասկածամտության սերմանումն ու իր երկրի համանախագահության դերի հետ կապված ինչ-որ միտում:
 
Մինչդեռ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ասում էր, թե Հայաստանի քաղաքականությունն Ադրբեջանի հանդեպ չի կոշտացել, այլ անցնող ամիսներին եղել է նույնը` այսինքն` Ադրբեջանի պահվածքին եւ իրավիճակին համարժեք: Իսկ Արցախի հարցի` Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համաձայնությամբ, Արցախի մասնակցությամբ լուծման իր կողմից բազմիցս արված հայտարարություններն անարձագանք է թողել հենց Ադրբեջանը: Արցախի` բանակցային սեղան վերադարձը բանակցային ձեւաչափի փոփոխությանը վերագրողներին ի պատասխան էլ Փաշինյանն ասում է` ոչ թե ձեւաչափն ենք փոխում` այլ վերականգնում ենք 1994-ի ձեւաչափը, երբ Արցախը մասնակից էր բանակցություններին: Ըստ Փաշինյանի` Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը միայն այս մասին են խոսելու, սակայն, իհարկե, շատ փորձագետներ շարունակում են կասկածել, թե միգուցե այլ թեմա եւս կա, որի մասին հանրությունը տեղյակ չէ: Փաշինայնն ասում է` ոչ, ամեն ինչ հայտնի է: Տարասովը խոսում տապալված փաստաթղթի մասին: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անվերջ աղմուկ են բարձրացնում, թե` հայ-հարայ, հողերը չենք թողնի հանձնեք: Դե լավ, մի քանի օր անց կհետեւենք հանդիպմանը:
 
Բոլոր դեպքերում եթե երկկողմ հանդիպումներով Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակի ժամանակ են շահում` հետաձգելով ինչ-որ առաջարկի ձեւավորումը, արժե մեր շահած ժամանակը ծախսել Հայաստանի տնտեսական ուժեղացման վրա, ընդ որում` դրանով պետք է զբաղվի ողջ հայությունը, եթե ուզում է հայկական կողմին տեսնել ուժեղի դիրքում բանակցային գործընթացում:
 
Մյուս կողմից տեսնում ենք, որ ինչ-որ մեկին (ներհայկական կողմերի մասին է խոսքը) շատ անհրաժեշտ է Արցախի եւ Հայաստանի իշխանության հակադրությունն այս պահին, համենայնդեպս` Ռուբեն Հախվերդյանի արտահայտած անզգույշ մտքերին Արցախի` նաեւ պաշտոնական շրջանակներից հնչող անպաշտոն հակահարվածները հուշում են, որ առավել խորքային ներիշխանական հակադրություն եւ լարվածություն կա Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ: Ենթատեքստն Արցախում կայանալիք նախագահական ընտրություններն են, պարզ է, ու պայքար կա ժառանգորդ դառնալու համար: Իսկ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի լայն նշումն Արցախում, որին մասնակցել է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, խոսում է այդ գործընթացների համատեքստերից մեկի մասին` պայքարը ոչ թե եւ ոչ այնքան անձերի, որքան Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին հարող արցախյան շրջանակների մրցակցության մասին է:
 
Եկող տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնության մասին հայտարարել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, մասնակցության հավակնությունը չի թաքցնում նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
 
Բոլոր դեպքերում այդ մարդկանց առաջադրումն ուղիղ կապ կունենա այն բանի հետ, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները Արցախի հարցի շուրջ, կվերականգնվե՞ն բանակցությունները, դրանց կմասնակցի՞ Արցախը, որի դեպքում պետք է բանակցելու կարողություն ունեցող եւ դիվանագիտական հատկություններով օժտված նախագահ:
ՄԱՐԻԵՏԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր