Ահա թե ինչու չեն ապամոնտաժվում Մանումենտի մեծահարուստների դղյակները.Քաղաքապետի խոսնակ

Ինչ վերաբերում է գործընթացի ընթացքում աշխատանք կորցնողների հարցին, Կարապետյանը նշել է, որ հարցը վերաբերում է մասնավոր սեկտորին, քաղաքապետարանն ուղղակիորեն աշխատանք առաջարկելու խնդիր չունի. «Բայց քաղաքապետարանը մտահոգ է: Մենք գիտենք, ար այս պահին աշխատակիցների զգալի մասն աշխատանք է փնտրում ու գտնում: Ոլորտում աշխատանք գտնելն այդքան էլ դժվար չէ, ավելի ճիշտ՝ հեշտ է»:
Կարապետյանը խոսեց նաև սրճարանների աշխատակիցների թվի մասին՝ հայտարարելով, որ այն պարզելու համար կան ուղղակի ու անուղղակի միջոցներ. «Ըստ մեր տվյալների, այստեղ աշխատում է ամենաշատը 2-3 տասնյակ քաղաքացի: Իսկ եթե կան աշխատակիցներ, որոնք գրանցված չեն, դա առնչվում է քրեական օրենսգրքի հետ: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե 300 աշխատակից կա, նախկին վարձակալները կամ իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»:
Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն չկա: Հակոբ կարապետյանը չգիտի, թե ինչու այսօր ցուցարարներ չկան տարածքում, սակայն նման հույս ունեցել է, քանի որ հանրությունը համոզվում է՝ գործընթացն օրինական է և բխում է քաղաքի շահերից:
«Այստեղ կարծիքներ են հնչում, թե ինչու չենք սկսում Մանումենտի դղյակներից: Որքան էլ մեզ դուր չգան, դրանք գրանցված են որպես սեփականություն, և տարածքը վերստին անտառ կամ այգի դարձնելու իրավական մեկ ճանապարհ կա՝ գնել դրանք սեփականատերերից: Քաղաքը նման միջոցներ չունի: Իսկ սեփականության իրավունքն իրավական պետության հիմքերից մեկն է: Ամբողջ գործընթացը պետք է լինի իրավական հիմքերի վրա: Իսկ թե ինչ քայլեր կարվեն հետագայում, այդ մասին կասվի: Կա կանաչապատման լայնածավալ ծրագրեր: Կոնկրետ Օղակաձև զբոսայգում հիմա գույքագրում է արվում, իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որպեսզի հետո դրան համապատասխան քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը։