Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը. Սա արդեն Ստամբուլն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է.
«Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր.
«Թուրքիայի բռնապետը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։
«Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար:
«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը:
Յաիր Նեթանյահուն, պատասխանելով հորը բռնապետ անվանած Էրդողանին, Twitter-ում գրել էր․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։