Ո՞րն էր ԱԺ-ում քվորում չապահովելու պատճառը.ինչու են «Իմ քայլի» պատգամավորները բացակայում
ԱԺ արտահերթ նիստի աշխատանքների ձախողումը և քվորում չապահովելու պատճառը զուտ տեխնիկական հարց է, որևէ ինտրիգ պետք չէ փնտրել, և դրա տակ որևէ քաղաքական ակցիա չկա . ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Փոխխոսնակը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ, և դա է պատճառը, որ պատգամավորները չեն ներկայացել:
Հարցին, թե այդուհանդերձ 4 ժամվա ընթացքում քվորում կապահովվի՞, Ալեն Սիմոնյանը նշեց, որ պատգամավորների մի մասն է մեկնել: «Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել, բայց օրենքը պահանջում է, որ սպասենք։ Կրկնում եմ, սա հատուկ քաղաքական ակցիա չէ, ուղղակի տեխնիկական է, համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, գուցե պետք էր, որ քվեարկությունից հետո գնային»,-ասաց նա:
Հարցին, թե Արցախ գնալն արդյոք որևէ կապ ունի՞ Փաշինյան-Ալիև հանդիպման և բանակցությունների մեկնարկի հետ, հաշվի առնելով այն, որ համընկնում է օրը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե անգամ պատահական է, ճիշտ որոշում է։
Ալեն Սիմոնյանն այդպես էլ չհստակեցրեց, թե Արցախ մեկնած պատվիրակության կազմում քանի պատգամավոր կա:
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր, չէին ներկայացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ 4 ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել, և եթե քվորում կապահովվի, նիստը կգումարվի:
Նշենք, որ նիստը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազ կեսի գրանցման դեպքում:
Նշենք նաև, որ այս պահին, ըստ ցուցատախտատկի թվի, գրանցվել է 51 պատգամավոր:
Նիստն ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ խմբակցության պատգամավորների մեծ մասն արդեն գնացել է, մյուս խումբն էլ պատրաստվում է մեկնել Արցախ: