17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

08 ապր 2019 10:40

Հայաստանը կոշտացնում է դիրքը.Պետք է Ալիևին լռեցնել հակադարձ սպառնալիքների միջոցով,անհրաժեշտության դեպքում՝ նախահարձակումների

Հայաստանը կոշտացնում է դիրքը.Պետք է Ալիևին լռեցնել հակադարձ սպառնալիքների միջոցով,անհրաժեշտության դեպքում՝ նախահարձակումներիԹվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության  ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ, սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարեւոր հարցերի վրա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա իր հոդվածում, մասնավորապես, նշել է.

«2019 թ. մարտի 28-ին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության ենթարկեց Միացյալ Նահանգների կառավարության արձագանքի բացակայությունը անցյալ տարվա ժողովրդավարական փոփոխությունների վերաբերյալ, որոնց կնքել են «Թավշյա հեղափոխություն» անվամբ:
Մեկ տարվա ընթացքում Փաշինյանն առաջին անգամ է, որ նման կոշտ լեզվով է խոսում Միացյալ Նահանգները հիշատակելիս։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ վաղուց հանդես են գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում»,  հայտարարեց Փաշինյանը։ «Ուզում եմ Ձեզ եւ բոլորիս հարց տալ. իսկ Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք …. էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ էին ու որեւէ մեկը սրանում չի կարող կասկածել: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել՝ համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ»:
Այնուհետեւ Փաշինյանը շարունակեց պաշտպանել Հայաստանի անկախ քաղաքական գիծը՝ անտեսելով հզոր պետությունների կողմից Երեւանի վրա գործադրված ճնշումները: «Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարեւորը մեր երկրի ինքնիշխանությունն է՝ մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից [Ռուսաստան] պետք է փոխարինենք Բ կետից [Միացյալ Նահանգներ]  կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում եւ ես ձեզ ուզում եմ հավաստիացնել.... որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»:
Նախագահ Թրամփի վարչակազմը մինչ օրս միայն խոսքերով է աջակցել Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ եւ խաղաղ փոփոխություններին: Անցյալ տարվա սեպտեմբերին Թրամփը շնորհավորական ուղերձ հղեց Փաշինյանին՝ բարձր գնահատելով «Թավշյա հեղափոխությունը» եւ պատրաստակամություն հայտնելով օգնել նոր կառավարությանը՝ իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ: Նմանապես, պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունեց Հայաստանում տեղի ունեցած «ուշագրավ փոփոխությունները»: Սակայն այդ գեղեցիկ խոսքերը մնացել են թղթի վրա: Հայաստանին օգնելու համար որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփի վարչակազմը անհոգ է օտարերկրյա պետություններում ժողովրդավարական զարգացումների մասին, ինչպես նաեւ Թրամփի՝ իր սեփական եսի ու անձնական շահերի վրա կենտրոնացած լինելու պատճառով:
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շատ դրական զարգացում է Հայաստանի արտաքին քաղաքականության համար եւ կտրուկ շրջադարձ Հայաստանի նախորդ ղեկավարների դիրքորոշումից: Առայժմ Հայաստանի վրա ճնշումների մեծ մասը գալիս էր Ռուսաստանից: Սա անխուսափելի փաստ է`հաշվի առնելով Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական կախվածությունը Ռուսաստանից:
Նոր զարգացումն այն է, որ Հայաստանի ղեկավարները այլեւս չեն ցանկանում կուրորեն ենթարկվել Ռուսաստանի ցանկություններին եւ հրամաններին՝ ոտնահարելով երկրի ինքնիշխանությունը: Երբ Հայաստանի շահերը հարցականի տակ էին՝ Փաշինյանը չխուսափեց ոչ Եվրամիությանը քննադատելուց, ոչ Հայաստանի ինքնիշխանության վերահաստատումից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումներում:
Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է սիրաշահել Հայաստանին, ապա պետք է «բլիթ» առաջարկի՝ «մտրակի» փոխարեն: Ինչպես ասում են՝ «կարող ես ավելի շատ ճանճ բռնել մեղրով, քան քացախով»...
Անցյալ շաբաթվա երկրորդ ապշեցուցիչ նորությունը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն էր Միացյալ Նահանգներ կատարած նրա այցի ընթացքում: «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես այսօր վերաձեւակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», հայտարարեց  Տոնոյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք եւ ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք», հայտարարեց Տոնոյանը: «Ոչ մի բան չի զիջվելու»:
Թեեւ ոմանք կարող են Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեկնաբանել որպես ռազմատենչ, սակայն իրականում Տոնոյանը նույն կերպ արձագանքում է Ալիեւի տարիներ շարունակ հնչող հազարավոր սպառնալիքներին՝ Մեղրին եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գրավելու մասին: Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները խոսեն ուժի դիրքերից, ոչ թե թուլության:
Ակնհայտ է, որ Ալիեւը պատրաստ չէ պատերազմի, հակառակ դեպքում, նա արդեն հարձակվել էր: Պետք չէ լուրջ ընդունել նրա սպառնալիքները: Անհրաժեշտ է նրան լռեցնել հակադարձ սպառնալիքների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախահարձակումների...
Հայաստանի պաշտպանության նախարարը հստակ ուղերձներ է հղում Ադրբեջանի նախագահին, որպեսզի հիմար նախաձեռնության չտրվի: Հակառակ դեպքում, նրա խողովակաշարերը եւ նավթահորերը հարձակման կենթարկվեն՝ կործանելով երկրի տնտեսությունը եւ տապալելով նրա վարչակարգը: Նշանակալից է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը նման հզոր ուղերձ է հղում Ադրբեջանին, գտնվելով Միացյալ Նահանգների հողի վրա»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր