Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

13 ապր 2019 15:25

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն․ Սա միայն իմ հաղթանակը չէ, ամբողջ հայ ազգի հաղթանակն է

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն․ Սա միայն իմ հաղթանակը չէ, ամբողջ հայ ազգի հաղթանակն էԴաստակի վնասվածք ունեի, մարզումների ընթացքում այն խանգարում էր ինձ, բայց մրցահարթակում ոչ մի ցավ չզգացի. երեւի ադրենալինից էր: Շնորհավորում եմ բոլորին եւ ասում՝ սպասեք մյուս հաղթանակներիս:
Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների ոսկե մեդալ նվաճելուց հետո ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում նա հավաքեց 427 կգ:
«Գոհ եմ արդյունքներից: Ցույց տված կիլոգրամներիցս: Իրականում, դաստակի վնասվածք ունեի, եւ շատ էր խանգարում այդ վնասվածքը մարզումների ժամանակ: Չգիտեմ՝ ինչից էր, բայց դաստակիս ցավը բացարձակ չզգացի մրցահարթակում, դա երեւի ադրենալինս էր շատ: Հրում վարժության երրորդ մոտեցումը չկատարեցի: Ամեն ինչ թողնում եմ աշխարհի առաջնության համար: Ինձ համար կարեւոր են բոլոր տիտղոսները: Ես միայնակ չեմ նվաճում այս տիտղոսները: Օգնում են նաեւ ընկերները:
Զգացողություններս լավն են, հերթական անգամ բարձր նվաճում ունեցա: Հաղթանակս շատ հեշտ տրվեց ինձ: Ես եկել էի հաղթելու ու նաեւ եկել էի ապացուցելու՝ կարող են ինձ հետ պայքարի մեջ մտնել: Ես ուզում էի, որ բոլորը մտածեն՝ կարող էինք ամեն ինչ անել եւ Սիմոնին հաղթել: Ես միշտ ասել եմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ՝ ամբողջ հայ ազգի հաղթանակն է, իմ ծնողների, իմ անձնական մարզիչի, մեր մարզիչների, սկսած մերսող բժիշկից: Այսօր զգում էի դահլիճի աջակցությունը եւ ինձ միշտ ոգեւորում է, որ բոլորը եկել են քեզ համար ու դու արդարացնում ես բոլորի հույսերը: Իմ էմոցիաների վառ արտահայտումը մրցահարթակում բոլորը կտեսնեն միայն այն ժամանակ, երբ ես նվաճեմ օլիմպիական ոսկե մեդալ: Իսկ այժմ շնորհավորում եմ բոլորին, ովքեր ինձ երկրպագում էին եւ կասեմ՝ սպասեք մյուս հաղթանակներին»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Երրորդ փորձի ժամանակ նա պատվիրեց 197 կգ՝ Եվրոպայի ռեկորդ, սակայն չկարողացավ բարձրացնել։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին փորձի ժամանակ բարձրացրեց 225 կգ, ինչը բավարար էր չեմպիոնի կոչումն ապահովելու համար, բայց նա բարձրացրեց նաեւ 235 կգ-ն։
22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր