Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

29 հուն 2019 10:00

Սասուն Միքայելյանը մանդատը վայր դնելու հայտնի պատճառ ունի. Ինչո՞ւ նա չի անում այդ քայլը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը:
Տեղեկություն է հրապարակվել նաեւ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»: Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերեւս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա:
Արարատ Միրզոյանն ասել է, որ չգալու պատճառը հայտնի չէ, սակայն չունի նաեւ որեւէ տեղեկություն, թե Սասուն Միքայելյանը մտադիր է վայր դնել մանդատը: Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ հայտարարելով, որ իր կարեւոր նպատակներից մեկը ԵԿՄ, այսպես ասած, արտաքաղաքականացումն է, որ կազմակերպությունը չներգրավվի քաղաքական գործընթացների մեջ:
Մի բան, որ տեղի է ունեցել մինչ հեղափոխություն, եւ փաստացի հենց քաղաքականությանը ծառայելու համար էլ նախկին իշխանությունը ստեղծել է ԵԿՄ-ն՝ 1990-ականներին: Հնարավո՞ր է արտաքաղաքականացնել ԵԿՄ-ն, եթե դրա նախագահը կառավարող կուսակցության անդամ է եւ խորհրդարանի, այսինքն՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի պատգամավոր եւ իշխանության առաջնային մանդատի կրող:


Տեսականում հնարավոր է, ինչպես տեսականում Գագիկ Ծառուկյանն էլ գործարար, ձեռնարկատեր չէ, այլ օրենսդիր, քաղաքական գործիչ: Իսկ գործնականում, Սասուն Միքայելյանը պետք է ոչ թե անհայտ պատճառով չգար խորհրդարանի նիստի, այլ միանգամայն հայտնի պատճառով, նույն պատճառով էլ հայտարարելով մանդատը վայր դնելու եւ ամբողջությամբ ԵԿՄ վերափոխման հարցերով զբաղվելու մասին:
Ի վերջո, այդ վերափոխումը արտաքաղաքականացման իմաստով պետք է սկսեր հենց այդտեղից: Ինչո՞ւ չի անում Սասուն Միքայելյանն այդ քայլը:
Մտածողությա՞ն հարց է, ինչպես Հրազդանի քաղաքապետի հետհեղափոխական առաջին իսկ ընտրությանը սեփական որդու թեկնածությունն առաջ մղելը, թե՞ անվստահության եւ կասկածի՝ ինչի համար իբրեւ երաշխիք պահում է մանդատը:
Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մանդատը երբեք չի եղել եւ չի լինելու երաշխիք: Այն երաշխիք չի եղել անգամ նախկին համակարգի պարագայում եւ կարծիքը, թե անվտանգության համար են մանդատ վերցրել, օրինակ՝ խոշոր սեփականատերերը, թյուր է: Ի վերջո, եթե մեծամասնությունը կայացնում է քաղաքական որոշումը, չի փրկի որեւէ մանդատ:
Սասուն Միքայելյանին դա լավագույնս հայտնի պետք է լինի հենց նախորդ համակարգից: Ըստ այդմ, նրա ինչի՞ն է պետք մանդատը՝ ԵԿՄ նախագահի կարգավիճակում: Դա անգամ պատմության մեջ մնալու համար է անպետք: Համենայնդեպս, ավելի անպետք է պատմության մեջ մնալու համար, քան ԵԿՄ հարցը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի համար լուծելը, ինչը ոչ միայն հանրային, քաղաքական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական եւ արժեմշակութային խնդիր է եւ դրանով իսկ լուծման պարագայում՝ պատմական»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:





 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր