Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

02 հուլ 2019 17:03

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Դատավորն արձանագրեց, որ եթե Մանվել Գրիգոյանը տեղափոխվել է դատարան, արդեն իսկ վկայում է, որ նա կարող է մասնակցել դատական նիստերին, ուրիշ բան, եթե խնդիրներ առաջանային նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ պաշտպաններն այսօր միջնորդել էին անհապաղ փոխել Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ վերջինիս առողջացման վատթարացման պատճառով։ Նրանք նշել էին, որ Մանվել Գրիգորյանի մոտ գանգրենա է առաջանում, ախտորոշվել է սթրեսային խանգարում, եւ նրան անհրաժեշտ է բնական լույս, արեւ, հոգեկան խաղաղություն։
Միաժամանակ դատավորը, հաշվի առնելով առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, որոշեց վերադառնալ մեղադրող կողմի՝ հունիսի 18-ի միջնորդության լուծմանը։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը կտա հետեւյալ հարցերի պատասխանները․ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, դրանցից որեւէ մեկը տեսակով կամ ծանրության աստիճանով համապաստախանու՞մ է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններին, եւ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում, թե՞ ոչ։
Քանի որ մեղադրող կողմը պնդեց իր այս միջնորդությունը, դրա վերաբերյալ ելույթով հանդես եկավ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը նշեց այն հարցերը, որոնց պատասխանները եւս, ըստ իրենց, պետք է տրվեն այդ փորձաքննությամբ։ Դրանք են․ ինչպիսի՞ն էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանավորման սկզբում եւ այժմ, եթե առկա է բացասական դինամիկա, ապա անազատության մեջ գտնվելով՝ բուժումը կարո՞ղ է արդյունավետ լինել թե ոչ, տվյալ հիվանդությունները կարո՞ղ են կյանքին վտանգ սպառնալ կամ խոչընդոտ հանդիսանալ հետագա կալանքը կրելուն, դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում, արդյո՞ք ՔԿՀ-ն համապատասխանում է սահմանված ստանդարտներին, առողջական վիճակի վատթարացումը կախվա՞ծ է կալանքի տակ գտնվելու հետ, արդյո՞ք այն կարող է ավելի վատթարանալ։  Միջնորդեցին հայտնել նաեւ նրա առողջական դինամիկան՝ կալանքի տակ գտնվելու օրվանից մինչ օրս։
Միաժամանակ պաշտպանները ցանկություն հայտնեցին, որ որպես բժիշկ-փորձագետներ ներգրավվեն նաեւ  իրենց ցանկացած մասնագետները։
Դատախազներն էլ իրենց հերթին միջնորդեցին, որպեսզի տրվի պատասխանն այն հարցի՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացում գրանցվել է հունիսի 3-ից հետո, երբ նա քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվեց ՔԿՀ, որտեղ էլ հրաժարվեց բժշկական օգնություն ստանալուց։
Դատավորն անձանագրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նախորդ եզրակացությունը անվավեր կամ ապօրինի չի ճանաչվել։
Նա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժ․ 16։00-ին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստի շարունակությանը չի մասնակցի։ Բժշկի ցուցումով՝ նա տեղափոխվեց հիվանդանոց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր