Երեւանում 9 ամիս կալանքի տակ պահված «օրենքով գողին» իր կամքին հակառակ հանձնել են Ֆրանսիային
Շուրջ 9 ամիս Երեւանում կալանքի տակ գտնվող 44–ամյա «օրենքով գող» Մերաբ Քալաշովին այսօր՝ հուլիսի 5–ի առավոտյան իր կամքին հակառակ արտահանձնել են Ֆրանսիային։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Քալաշովի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ Քալաշովը Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր դեռ 2015–ից։ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։ Նրան հայտնաբերել էին 2018թ. նոյեմբերին Նուբարաշենում եւ կալանավորել։
2018թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում էր կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել:
Քալաշովի պաշտպանները սակայն բողոքարկել էին ինչպես նրան կալանավորելու, այնպես էլ նրան հանձնելու որոշումը։
Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ Քալաշովի վերաբերյալ ներպետական ատյաններում դեռեւս քրեական գործ է քննվում եւ իրավասու մարմիններն իրավունք չունեին առանց վերջնական դատական ակտի՝ նրան արտահանձնեին։
Պաշտպանը վկայակոչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 495–րդ հոդվածը, համաձյան որի՝ անձի հանձնումն իրականացվում է հանձնման մասին վերջնական որոշում ընդունելուց հետո։
«Դուք պատկերացնում եք մի իրավիճակ, որ երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանը որոշի ազատ արձակել Քալաշովին եւ նրան չհանձնել Ֆրանսիային, ինչպե՞ս են նրան բերելու Հայաստան»,–նկատեց նա։
Պաշտպանի խոսքով այսօր երեկոյան լրանալու էր Քալաշովին կալանքի տակ պահելու ժամկետը եւ իրավասու մարմինները ստիպված էին նրան ազատ արձակել։
«Արդարադատության նախարարությունն ու դատախազությունը սպառել են օրենքով նախատեսվոծ բոլոր ժամկետները, նրան 9 ամիս պահել են կալանքի տակ եւ մենք Վերաքննիչ դատարանում վիճարկում էինք նրան մեկ ամիս ավելի կալանքի տակ պահելու հարցը։ Եվ այսօր՝ Սահմանադրության օրը, մարդիկ ոտնահարելով բոլոր սահմանադրական իրավունքներն անձին ապօրինի արտահանձնեցին Ֆրանսիայի Հանրապետությանը»։
Արմեն Մելքոնյանը շեշտեց՝ իր պաշտպանյալին ստիպողաբար են արտահանձնել։
«Երեկ չորս ժամ տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել ենք մեր պաշտպանյալին, սակայն նրա վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ չէին տրամադրում, պատահական օդանավակայանի մեր ծանոթներն են տեղեկացրել, որ Քալաշովը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում»։
Պաշտպանը նշեց, որ երեկ Քալաշովին օդանավակայանում հայտնաբերել է ծանր վիճակում, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներով։
«Ոտքի մատներն ուռած էին եւ կոտրված, մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ վնասվածնքեր են առկա»,–ասաց նա։
Մելքոնյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։
Այս մասին փաստաբանը դեռ երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն.
«Երեկոյան հաղորդում ենք ներկայացրել, սակայն մինչեւ առավոտ որեւէ հետաքննիչ կամ քննիչ չեկավ, որ ֆիքսեին վնասվածքները։ Մեզ էլ արգելեցին նկարել»,–ասաց նա։
Մերաբ Քալաշովի ստացած վնասվածքների հետ կապված փաստաբանը պաշտոնական հարցում է ուղարկել ֆրանսիական կողմին։
Հիշեցնենք, որ վերջերս NEWS.am–ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ խուղարկել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող «օրենքով գող» «Վրացի Մերաբ» մականունով հայտնի Մերաբ Քալաշովին։
Ի դեպ՝ ներկայումս ՀՀ–ում կա 12 «օրենքով գող», որոնցից կալանքի տակ է միայն մեկը։