Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»          Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»       Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը    

22 հուլ 2019 15:47

Բնակարանային շուկան գահավիժել է. այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով

Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում արձանագրված բարձր ակտիվությամբ, բնակարանային գործարքները Հայաստանում հունիսին նվազել են գրեթե 20, իսկ մայրաքաղաքում` 30 տոկոսով։ Թե ինչո՞վ է դա պայմանավորվել, մնում է միայն գուշակել։ Պետք է ենթադրել, որ կրճատվել է գնողունակ պահանջարկը։
Հայաստանի, առավել ևս Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող դրսևորումներն այնքան էլ հուսադրող չեն։ Ու որքան էլ վարչապետի, ինչպես նաև պետական տարբեր կառույցների կողմից փորձ արվի տպավորություն ստեղծել, որ շուկան գտնվում է ակտիվության բարձր մակարդակի վրա, այնքան էլ այդպես չէ։
Անշարժ գույքի նկատմամբ իրականացվող իրավունքի պետական գրանցման գործարքները, ինչպես փաստում են կադաստրի պետական կոմիտեի հաղորդագրությունները, գուցե ակտիվորեն ավելանում են։ Բայց դա չէ, որ բնութագրում է շուկայի իրական պատկերը։ Կան շատ ավելի կարևոր ցուցանիշներ` շուկայի զարգացումները գնահատելու համար. խոսքը, մասնավորապես, օտարման և առք ու վաճառքի գործարքների մասին է։
Սրանք այն երկու հիմնական հատվածներն են, որոնք թույլ են տալիս գնահատել շուկայի իրավիճակը։ Ու որքան էլ դա կարող է հիասթափեցնել վարչապետին ու կառավարությանը, այնուհանդերձ թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում պատկերը մտահոգիչ է։ Դա ակնհայտ է հատկապես մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայի պարագայում։ Այստեղ հունիսին արձանագրվել է ինչպես օտարման, այնպես էլ առք ու վաճառքի գործարքների բավական կտրուկ նվազում։
Պաշտոնական տվյալները վկայում են, որ օտարման գործարքները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,6, առք ու վաճառքինը` 3,3 տոկոսով։ Գուցե էական փոփոխություն չէ, բայց որ շուկան պասիվացել է, փաստ է։
Պասիվացումը անհամեմատ մեծ է անցած տարվա նկատմամբ։ Ու դա շատ ավելի կարևոր ցուցանիշ է շուկայի գնահատման համար։ 
Իշխանափոխությունից մեկ տարի հետո մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում ավելի քիչ վաճառք է եղել, քան իշխանափոխությունից անմիջապես հետո։ Օտարման գործարքները հունիսին նվազել են ավելի քան 16 տոկոսով։ Եվ դա տեղի է ունեցել հիմնականում առք ու վաճառքի կրճատման հաշվին։ Այդ ամսին մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ 23 տոկոսով պակաս անշարժ գույք է վաճառվել։
Հունիսին Երևանի բնակարանային շուկան, կարելի է ասել գահավիժել է։ Խոսքը բազմաբնակելի շենքերի բնակարանային շուկայի մասին է, որտեղ գործարքները կրճատվել են 30 տոկոսով։ Ընդ որում, ոչ թե նախորդ ամսվա, այլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Մայրաքաղաքում այդ ամսին իրականացվել է 887 բնակարանի առք ու վաճառք, ինչը 380-ով պակաս է նախորդ տարվանից։
Եվ սա այն դեպքում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր անշարժ գույքի շուկայի բարձր ակտիվությամբ` դա համարելով թավշյա հեղափոխության կարևոր ձեռքբերումներից մեկը։ Այն ժամանակ դա պայմանավորվում էր նրանով, որ մեր հայրենակիցները` ոգևորված տեղի ունեցած իշխանափոխությամբ, արագորեն վերադառնում և հիմնավորվում են նոր Հայաստանում։
Հետաքրքիր է, իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Գուցե՞ մարդիկ հիասթափվել են թավշյա հեղափոխությունից և դադարել են վերադառնալ հայրենիք։ 
Բնակարանների վաճառքը հունիսին կրճատվել է ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում։ Այս դեպքում, իհարկե անկում համեմատաբար փոքր է` 19,9 տոկոս։ Չոր թվերի լեզվով ասած` իրականացվել է բնակարանի առք ու վաճառքի 1359 գործարք, նախորդ տարվա 1696-ի դիմաց։
Հիշեցնենք, որ բնակարանային շուկայում տեղի ունեցած այս դրսևորումները նոր չեն սկսվել։ Մայիսին Հայաստանում բնակարանների վաճառքը կրճատվել է 9,6, Երևանում` 9,3 տոկոսով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր