Կասկածելի ցուցմունք Օգանովսկու դեմ. ինչի՞ դիմաց կալանքից ազատվեց Սամվել Բաբայանը. «Հրապարակ»
![](https://hayacq.com/uploads/posts/2018-09/1536817815_1338986210-07.jpg)
Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, և այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։
Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, և նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երևան, որոնք 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, և այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։
Իրականում ՀՔԾ-ն դեռևս անցած տարվանից է պարզում, թե ով և ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, և վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երևանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:
Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆերիստ», թեև երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երևանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։