16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

21 օգոս 2019 15:47

Հափշտակություն լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրում.սննդամթերքը դուրս է գրվել, բայց երեխաներին չի բաշխվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես,  ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար:
Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:
2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր աժեքով անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր:
Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ որպես նվիրատվություն ստացվել է բարերաներից:
Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների նպատակով ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 1.393.822 ՀՀ դրամի սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը երեխաներին չի բաշխվել:
2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է բաշխվել:
Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի աշխատավարձ:
Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի պարգևավճարներ:
Արձանագրված խախտումների փաստերով  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով :
Նախաքննությունը  հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր