Եթե 7.5 անգամ ավելանում է ձեր կնոջ հիմնարկի պետպատվերը, ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա. Գ. Թամամյանը՝ Ա. Թորոսյանին
![](https://www.tert.am/news_images/1029/3084498_1/capture.thumb.jpg)
«Երբ ինձ առաջարկել են խորհրդականի պաշտոնը, ես առաջին հերթին հրաժարվել եմ, ասել եմ, որ կան ինձանից ավելի կայացած մարդիկ, եւ նրանք կարող են օգտակար լինել, Արմեն Տանանյանը կարող է լավ խորհրդական լինել, ինչպես նա է տիրապետում ոլորտին, ես երկրորդ մարդ չեմ ճանաչում։ Ես սրա մասին գրել եմ նախարարին, ինչպես ինքն է սիրում, Ֆեյսբուքում»,–նշեց նա։
Գեւորգ Թամամյանի խոսքով՝ նախարար դառնալուց հետո Թորոսյանը 7.5 անգամ ավելացրել է իր կնոջ ղեկավարած «ՄԻԲՍ» բուժկենտրոնին բյուջեից տրված պետպատվերը, որը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա: Նա շեշտեց՝ այդ բուժկենտորնը մինչեւ նախարար դառնալը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը, ապա փոխանցվեց կնոջը։
«Եթե ձեր պաշտոնավորման ընթացքում միայն մի ծրագրի շրջանակներում 7.5 անգամ ավելանում է ձեր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 9.5 մլն դառնալով 71. 2 մլն դրամ, դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, եւ դրա պատասխանը դուք պետք է տաք»,-նշեց նա:
Գեւորգ Թամամյանը «Աստղիկ» ԲԿ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին, պայմանավորում է նախարարությունից ստացած ֆինանսավորմամբ. «2.7 միլիարդ դրամ գիտեք Արսեն Թորոսյանն ո՞ւմ հիվանդանոցի են փոխանցել, կարո՞ղ եք գուշակել: «Աստղիկ» ԲԿ-ին, գիտե՞ք ում է պատկանում, կարող եք նայել՝ Սամվել Ալեքսանյանին: Այս տարի նախորդ տարվա համեմատ 1 միլիարդ դրամով ավելացվել է «Աստղիկ» ԲԿ-ի բյուջեն: Եվ այսօր այդ հիվանդանոցը հայտարարություն տարածեց, որ իրենք ամբողջովին կողմ են նախարարի բարեփոխումներին: Բնական է 1 միլիարդ դրամ ում էլ տաս, կողմ կլինի: Իմիջիայլոց, հետաքրքիր համընկնումով բոլոր մեծ գումարներ ստացած մասնավոր հիմնարկները սկսեցին հայտարարություններ տարածել ի աջակցություն Արսեն Թորոսյանի: Եվ այն պետական հիմնարկներն էլ, իհարկե, որտեղ նախարարի մտերիմներն էին նշանակված պաշտոնների: Շատ հետաքրքիր վաղ անցյալ է հիշեցնում ձեր այս գործելաոճը, պարոնայք»:
Գեւորգ Թամամյանը շեշտում է՝ նախարարի պնդումը, թե հավասարաչափ է բաշխվել, չի համապատասխանում իրականությանը. «Նույն Աստղիկ ԲԿ-ի պետպատվերի եւ թե այլ բուժկենտրոնի պետպատվերի բաշխման շուրջ մեր ֆինանսիստները աշխատում են եւ ցույց կտան, թե ոնց է եղել: Նախարարի աթոռը զբաղեցնող անձ ասում էր՝ հավասարաչափ են բաշխվել: Հավասարաչափ նշանակում է, որ եթե մի ծրագրի շրջանակում իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 7.5 անգամ ավելանում է, նշանակում է՝ մյուս հիմնարկներին էլ պետք է 7.5 անգամ ավելանար, իսկ եթե իր կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերն ավելանում է 7.5 անգամ, իսկ մնացածինը՝ 10 տոկոսով, 25 տոկոսով, ինչպե՞ս դա կբացատրեք»։