Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարեւոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են ‹‹Ժպիտների քաղաք›› եւ ‹‹Bridge of health›› կազմակերպությունները, շատ կարեւոր նշանակություն ունեն ավելի առողջ եւ երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է ‹‹Bridge of Health›› բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։
«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը եւ արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաեւ օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։