19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

08 հոկ 2019 17:19

Հեռանալով՝ Օսիպյանը մեսիջ հղեց ոստիկանությանը, որ Փաշինյանի թիմի անդամ չէ.նա ընտրեց արժանապատվությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործում է նախկին համակարգի որդեգրած մեթոդներով։ Այնպես, ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էր փորձում է իր թիմում պահել այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն պատճառով ազատվում էին պաշտոններից՝ նրանց նշանակելով խորհրդականներ, Փաշինյանն էլ փորձում էր նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին իրեն մոտ պահել։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ, ապա վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանի հրաժարականին։
«Այն ժամանակ էլ որեւէ լուրջ գործունեությամբ խորհրդականը չէր զբաղվում, բայց աշխատավարձ էր ստանում։ Հիմա վարչապետը, կարծես թե, փորձում էր նույն գործելաոճով առաջնորդվել, որովհետեւ, երբ դու մարդուն ազատում ես պաշտոնից, ապա խորհրդականի պաշտոն տալիս, փորձում ես հասկացնել, որ նա շարունակում է մնալ քո թիմակիցը, ուղղակի պաշտոն է փոխվել։ Սա շատ ընդունված աշխատաոճ էր նախկին քրեաօլիգարխիկ համակարգում։ Այդ նույն սկզբունքով առաջնորդվեց վարչապետը, բայց ինչպես երեւում է, նախկին ոստիկանապետը համաձայն չի եղել այդ ոճին»,-ասաց քաղտեխնոլոգը։
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օսիպյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, ազատվելուց հետո նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, ինչի մասին, ըստ մամուլի, նա նախապես տեղյակ չի եղել:
Օսիպյանն առանց ստանձնելու գլխավոր խորհրդականի պարտականությունները արձակուրդ գնաց, ինչից վերադառնալուց հետո աշխատանքի չէր ներկայացել եւ ազատման դիմում գրել: Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը չէր հերքել, Օսիպյանի` խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին օրեր շարունակ շրջանառվող լուրերը, բայց նաեւ ձեռնպահ էր մնացել այն հաստատելուց:
Ըստ քաղտեխնոլոգի, իր հեռանալով, Օսիպյանը մեսիջ հղեց ոստիկանության աշխատողներին առ այն, որ ինքը չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը եւ չի ընդունում վարչապետի գործունեությունը։
«Նա իր մեսիջը տվեց, ի դեպ, այստեղ որոշակի խնդիրներ կան մասնավորապես, սկզբնական շրջանում վարչապետի խորհրդականը չէր հաստատում Օսիպյանի հրաժարականի տեղեկությունը, սա նշանակում է, որ իշխանությունը գուցե վստահ է եղել, որ ոստիկանապետը հրաժարական չի ներկայացնի եւ կառաջնորդվի իրենց խաղի կանոններով, բայց մենք հակառակի ականատեսը եղանք։ Միգուցե իրենք որոշակի տվյալներ ունեին նախկին ոստիկանապետի մասին, մտածում էին, որ այդ տվյալների մասին գիտի նաեւ ոստիկանապետը եւ, ըստ այդմ, նա սուս ու փուս կմնա գլխավոր խորհրդականի պաշտոնում, բայց, ինչպես տեսանք, Օսիպյանը ընտրեց արժանապատվությունը»,-ասաց Բադալյանը։
Հարցին, թե արդյո՞ք այսօր ուժային կառույցների ու վարչապետի միջեւ առճակատման միտումներ են նկատվում, քաղտեխնոլոգն ասաց, որ ոստիկանությունը, լինելով սպեցիֆիկ մարմին, անցած 30 տարիներին մշտապես սատարել է գործող իշխանությանը եւ, եթե եղել են դժգոհներ, նրանք հեռացել կամ հեռացվել են համակարգից։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ըստ Բադալյանի, իրավիճակն այլ է։ «ԱԱԾ-ն յուրահատուկ սկզբունքներով առաջնորդվող կառույց է եւ այստեղ չի կարող կիրառվել այն նույն մեթոդը, ինչը հնարավոր է կիրառել ոստիկանության նկատմամբ։ Իշխանությունը կարող է իրեն ենթարկեցնել ոստիկանությանը՝ գտնելով իրեն հնազանդ ղեկավար, բայց եթե ԱԱԾ ղեկավար դառնա որեւէ անձ, որը ԱԱԾ-ի համար ցանկալի չէ, դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի արձագանքը։ Եթե ոստիկանությունը կարող է լավ չաշխատել, ԱԱԾ-ի դեպքում կարող է խոսք գնալ քաղաքական սաբոտաժի մասին եւ ոչ միայն»,-նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ԱԱԾ տնօրենի նշանակումից ու դրան հաջորդած զարգացումներից հետո, արդեն պարզ կլինի, թե ինչպիսին է այդ կառույցի արձագանքը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր