Վանեցյանի «գործով» ծեծվածները դիմել են ՀՔԾ
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5da969a8b7ee9.jpg)
Լուրի իսկությունն ճշտվել է,հրապարակվել է Կարեն Ղազարյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի՝ ՀՔԾ ուղարկած դիմում-բողոքից մի հատված, որտեղ նկարագրված է ոստիկանների գործողություններն ու ճնշումները իր պաշտպանյալի՝ Կարեն Ղազարյանի նկատմամբ։ Իսկ բողոքն արդեն վարույթ է ընդունվել։
«Կարեն Ղազարյանը հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Այդ անձինք չեն ներկայացել, չեն ասել, թե ուր և ինչու են իրենց տանում, իրենց գտնվելու վայրի մասին իրենք տեղեկացել են արդեն հետո, երբ ժամը 13:40-ի սահմաններում իրենց ազատ են թողել: Նշել է, որ ոստիկանությունում գտնվող անձինք իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, մասնավորապես որովայնի, կողոսկրերի, ոտքերի և պարանոցի շրջանում, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք: Այդ ընթացքում, տվյալ անձինք խուզարկել են իր ավտոմեքենան, այնտեղից վերցրել են 60.000 ՀՀ դրամ, որն իր ընկերոջինն է և իրեն պատկանող 8.000 ՀՀ դրամ գումարը: Իսկ իր անձնական խուզարկությամբ` 180.000 ՀՀ դրամ գումար»,-ասված է փաստաբանի՝ ՀՔԾ պետին ուղարկած նամակում։