16:03 - Տեսանյութ. Վթարը սարքել են.Իմ տղայից էն կողմ ոչ մեկ չկա․ պատրաստվում եմ՝ վերացնեմ ինձ.ինքնահրկիզման փորձ         15:52 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը      15:44 - Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ    

04 դեկ 2019 20:18

Արդյո՞ք մարդիկ այլևս անկաշկանդ են հոգեբանին դիմելու հարցում

Արդյո՞ք մարդիկ այլևս անկաշկանդ են հոգեբանին դիմելու հարցում
Hayacq.com-ի հարցազրույցը հոգեբան Սոնա Հարությունյանի հետ:
 
-Արդյո՞ք այլևս անկաշկանդ ենք հոգեբանին դիմելու հարցում, և այս տարի ի՞նչ խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմել:
 
-Իրականում, կդժվարանամ ասել, որ հոգեբանին դիմելու «խոչընդոտները» լիարժեք հաղթահարված են, (օրինակ` ի զարմանս ինձ դեռևս նույնացնում են հոգեբան և հոգեբույժ մասնագետներին, արդյունքում` խուսափում են ժամանակին դիմել հոգեբանի օգնությանը, կամ գերադասում են ընկերներին, հարազատներին համարել իրենց լավագույն «հոգեբան» ու խորհուրդներ հարցնել, կամ էլ որոշ դեպքերում դեղորայքն են համարում ցանկացած խնդրի լուծման հուսալի տարբերակը), սակայն կարող եմ հավաստիացնել, որ նախորդ տարիների համեմատ ավելի շուտ և շատ են դիմում, ինչը դրական է, բնականաբար, և առկա հոգեբանական խնդիրը վաղ փուլում հեշտությամբ հաղթահարելու, և հոգեբանին դիմելու մշակույթի ձևավորման տեսանկյունից: 
Այս տարին հետաքրքիր միտում ուներ. այցելությունների գերակշռող մասը առնչվում էին անձնական հարցերին` սիրելիից բաժանման վտանգ, կամ բաժանման հոգեբանական հետևանքներ, խանդ, անինքնավստահություն, անվստահություն, ամուսնալուծության մտքեր: Իհարկե, դիմել են նաև տագնապի, դեպրեսիայի նախանշաններով, հոգեմարմնական խնդիրներով:   
 
-Լինելով հոգեբան` հաճախ անդրադառնում եք ցավի հիմնախնդրին: Ի՞նչ կապ կա ցավի և հոգեբանության միջև: 
 
-Ցավը բժշկին դիմելու ամենատարածված գանգատներից է, սակայն այն միայն բժշկական եզրույթ չէ: Ցավի հասկացման, ախտորոշման, հաղթահարման գործընթացում նշանակալի են հոգեբանական գործոնները: 
 
Ինչպե՞ս կարող է մարդը ունենալ ֆիզիկական ցավ, որն իր անդրադարձը չունենա հոգեկանի վրա.  տրամադրությունից մինչև կյանքի որակի փոփոխություններ կարող են նկատվել... Ավելին, այլևս գաղտնիք չէ, որ ցավը կարող է նաև առաջանալ հոգեբանական պատճառից, օրինակ` տևական սթրես, դեպրեսիա, մեղքի զգացում, հոգեկան տրավմա, ներքին կոնֆլիկտ և այլն:
Եվ այս ամենը մասնագետներին հուշում է, որ եթե պացիենտը ունի ցավային գանգատ, անհրաժեշտ է և բժշկական, և հոգեբանական խորհրդատվություն` բուժման արդյունավետությունն ապահովելու համար: Եվ այս պարագայում անխուսափելի է բժիշկ-հոգեբան համագործակցության անհրաժեշտությունը: 
 Բացի ֆիզիկական ցավից, հանդիպում է նաև հոգեկան ցավ, որը կարող է առաջանալ միայնակության, դատարկության զգացումի, կյանքի իմաստի կորստի, նաև հարազատի կորստի հետևանքով: Այսպիսով, ակնհայտ է, որ անկախ ցավի պատճառից հոգեբանական աջակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում ցավի հաղթահարման անհատական գործընթացում:  
 
-Ի՞նչն է ըստ Ձեզ կարևոր մարդու ներաշխարհում` առօրյա կյանքը դրական ու դյուրին դարձնելու համար: 
 
-Ցանկությունը այդպիսի առօրյա ունենալու, և իհարկե` լավատեսություն, կյանքը սիրելու  ու յուրաքանչյուր օրը գնահատելու կարողություն:
 
-Իսկ լավատես ծնվում են, թե՞ դառնում...
 
-Կարծում եմ` շատերին կհետաքրքրի և կօգնի այս հարցի պատասխանը: Լավատեսությունն ունի կենսաբանական, հոգեբանական և սոցիալական նախադրյալներ:  
Վերջինս հուշում է, որ եթե անգամ լավատես չենք, ապա կարող ենք դառնալ, և հակառակը` վատատեսների շրջապատում լավատեսությունը կորցնելու հավանականությունը մեծանում է: 
Հետևաբար, շփումների շրջանակը կառուցեք դրական մտածողությամբ մարդկանց հետ և սահմանափակեք վատատեսների հետ հանդիպումների ժամանակը: Եվ եթե ինքներդ էլ ուզում եք լինել դրական և հաճելի զրուցակից, ապա ձգտեք ամրապնդել Ձեր լավատեսությունը…. Այո՛, դա հնարավոր է:
 
-Շատ հետաքրքիր է հոգեբանության աշխարհը, բայց նաև շատ  պատասխանատու: Համաձա՞յն եք, որ դժվար մասնագիտություն է: 
 
-Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի անշուշտ, այդ թվում նաև հոգեբանի մասնագիտական ճանապարհը և աշխատանքը, առավել ևս մեր հասարակությունում` լրացուցիչ ժամանակ ու ջանքեր են պահանջում… 
Այնուամենայնիվ, կա մեկ գործոն, որը որոշիչ է և հաղթահարելի է դարձնում դժվարություններն ու կյանքի կոչում մասնագիտական նպատակները, և այդ գործոնը սերն է, սերը մասնագիտության, և համապատասխան աշխատանքային գործունեության հանդեպ:  Իսկապես, մեր մասնագիտությունն աննկարագրելի հետաքրքիր է, և նույնքան պատասխանատու: 
 
-Ձեր ուղերձը մեր ընթերցողներին:
 
-Լինել ՇՆՈՐՀԱԿԱԼ: Շնորհակալությունը օգտակար է և ձգողական ուժ ունի: Պարզվում է` ովքեր հաճախ են զգում և արտահայտում «շնորհակալություն», ավելի լավ տրամադրություն ունեն, լավատես են, հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում,  հազվադեպ են հոգնածություն զգում, լինում են մոտիվացված, լցվում են բարությամբ ու սփռում են ներդաշնակություն: Եվ քանի որ մոտենում է հեքիաթային տոներից մեկը, հիշենք նաև, որ նախքան որևէ երազանք իրագործելը, նախ պետք է շնորհակալ լինենք արդեն իսկ ունեցածի համար:  
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր