Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 դեկ 2019 12:58

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից.Քոչարյանը բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը «մամուլի նկատմամբ աննախադեպ բռնաճնշումների» եւ «դատաիրավական բեսպրեդելի» պայմաններում հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին ու ի թիվս այլ հարցերի անդրադարձել նաեւ ղարաբաղյան խնդրին ու Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Բայց մինչ այդ խոսել է նաեւ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին ու կոշտ գնահատականներ տվել դատական համակարգին՝ հայտարարելով, թե «դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ», «կոռուպցիայով կեղտոտված դատավորներն ու դատախազները ավելի հնազանդ են ռեժիմին», եւ այլն: Համաձայնվեք՝ իսկույն երեւում է, որ մարդը տիրապետում է ոլորտին: Նրա եւ Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը հենց այդ սխեմայով էլ գործում էր. դատավորներն ու դատախազներն ինչքան կոռումպացված լինեին՝ այնքան ավելի հնազանդորեն կծառայեին ռեժիմին, դրա համար էլ կոռումպացվածությունը ոչ միայն խրախուսվում էր, այլեւ համարվում էր «մրցակցային առավելություն»: Ինչ վերաբերում է «գործադիր իշխանության բիրտ ճնշմանը», ապա Քոչարյանի համար, պարզվում է, դա անընդունելի է: Չէ՞ որ 1998-ին էլ ժողովրդի մի մասը պահանջում էր նախկին իշխանություններին «նստացնել», բայց ինքը համարեց, որ չարժե նման բան անել: Հասկացա՞ք: Այսինքն՝ ինքն էր որոշում, թե ում նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցել եւ «նստացնել»: Եվ այդ մարդը հիմա խոսում է դատարանների նկատմամբ գործադիր իշխանությունների ճնշումների մասին:
Հիմա անդրադառնանք ղարաբաղյան խնդրին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ իշխանությունների մասնակցությամբ «Ղարաբաղի վզին ինչ-որ սցենար է փաթաթվում», պարզ ասած՝ ՀՀ իշխանությունները դավեր են նյութում Արցախի դեմ: Փորձենք հասկանալ:

Հայաստանի ցանկացած իշխանություն, որը կփորձի անընդունելի զիջումներ անել Արցախի հարցում, հզոր դիմադրության կհանդիպի եւ շատ արագ կկորցնի իշխանությունը, ու սա, վստահաբար, գիտակցում են բոլորը: Հետեւաբար՝ Հայաստանի ցանկացած իշխանություն փորձելու է կարգավորման գործընթացում հասնել առավելագույն արդյունքի: Իսկ առավելագույն արդյունքի հասնել հնարավոր է միայն Հայաստանի եւ Արցախի բացարձակ ու անառարկելի միասնությամբ: Որեւէ մեկը, վստահաբար, չի կարող հերքել սա: Իսկ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը:Ասում է, որ Ղարաբաղի իշխանությունները չպետք է տուրք տան որեւէ մեկի, այդ թվում՝ ՀՀ ղեկավարի «քմահաճույքներին», Արցախն էլ չպետք է վախենա ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից: Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ ցանկացած մարդ ամենաշատը հենց դրանից պիտի վախենա, որովհետեւ այդ տարաձայնություններից ավելի կործանարար բան պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Քոչարյանը գրեթե բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին, Արցախի ժողովրդին էլ կոչ է անում ընտրել այնպիսի նախագահ, որը Հայաստանի այսօրվա լեգիտիմ իշխանությունների հետ առճակատման գնալուց չի խուսափի: Պարզ ասած՝ կոչ է անում գնալ Հայաստանի ու Արցախի համար ամենակործանարար ճանապարհով: Եվ դա՝ ընդամենը այն պատճառով, որ հույս ունի դրանով թուլացնել Հայաստանի իշխանություններին, հասնել արտահերթ ընտրությունների եւ հնարավոր է՝ հայտնվել ազատության մեջ «իրավիճակի փոփոխության պատճառով»:
Հետաքրքիր է՝ Արցախի ժողովուրդը կցանկանա՞ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ առճակատման գնացող իշխանություններ՝ ինչ է, թե դրա արդյունքում Քոչարյանը կկարողանա խուսափել պատասխանատվությունից, հայտնվել ազատության մեջ ու շարունակել առյուծներ որսալ աֆրիկյան սավաննաներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր