Որքա՞ն է կազմելու 2020-ին գազի սակագինը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ գազի սակագնի համար բանակցություններն ի՞նչ փուլում են, ի՞նչ միտումներ են կանխատեսում, ապրիլին գազի ի՞նչ սակագին կունենանք:Նա պատասխանեց. «Կարծում եմ, այս փուլում դեռևս վաղ է կանխատեսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք: Բայց թե ինչ տեսքով և ոնց, չեմ կարող որևէ նոր բան ասել, ինչ գիտեք: Բանակցություններն ընթանում են և ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին»:
Հարցին՝ միջազգային շուկայի զարգացումներն ի՞նչ են ցույց տալիս՝ թանկացման միտում կա՞, թե՞ միգուցե էժանանա՝ Բաղրամյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցը թողնենք: Մեծապես կախված է, թե սահմանին ինչ կունենանք գինը, որը մոտակա ժամանակները՝ հունվար ամսվա մեջ պարզ կլինի»:
ՌԴ Օրենբուրգի մարզի հետ էր առաջ կապված ՀՀ-ում գազի սակագնի փոփոխությունը, սակայն հիմա այդ համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ ու չնայած Օրենբուրգում սակագինը բարձրացել է, դժվար է ասել՝ ՀՀ-ում կբարձրանա՞, թե՞ ոչ:
Պարոն Բաղրամյանը նաև ասաց, որ Իրանի հետ գազի բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են. «Իհարկե, իրանական կողմը բարդ բանակցող ընկերություն է: Այդ բանակցություններն այսօր ակտիվ ընթանում են ե՛ւ տարանցման մասով, ե՛ւ էլեկտրաէներգիայի, գազի փոխանակման պայմանագրով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: