Հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տուժած զինծառայողները եւս փոխհատուցում կստանան

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:
Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում:
Նախարարը տեղեկացրեց, որ 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով թվով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս:
«Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,-ասաց նա՝ հավելելով, որ սրանով լուծվում է անարդարդությունը: Դավիթ Տոնոյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ հոգաբարձուների խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի եւ կտարածի կարգավորումը մինչեւ 1998 թվականը ընկած դեպքերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սրանով ընդամենը սկսում են ոլորտի խնդիրների լուծումը: