Վստահ եմ, որ 2020թ-ը լավ տարի է լինելու
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի հետ:
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Ալեքսանդր Ավետիսյանի համար:
-2019 թվականն իրականում առանձնահատուկ էր ինձ համար և նախորդ բոլոր տարիներից տարբերվող:
Պետք է խոստովանեմ, որ բավականին դժվարությամբ ադապտացվեցի
Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակին:
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Տարվա գլխավոր իրադարձությունն ինձ համար որդուս՝ Նարեկի
ծնունդն էր: Երբեմն կատակով ասում եմ, որ իրական հեղափոխությունն իմ կյանքում ոչ թե
2018-ի ապրիլին է տեղի ունեցել, այլ՝ 2019-ի:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Դժվարանում եմ նշել որևէ կոնկրետ բացթողում, սակայն ասեմ,
որ ցանկացած գործունեության մեջ չեն կարող չլինել թե՛ բացթողումներ, թե՛ սխալներ և
թերացումներ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Իմ Քայլը դաշինքը
փորձում են հավատարիմ մնալ իրենց ծրագրային դրույթներին և նախընտրական խոստումներին:
Վստահաբար կարող եմ պնդել, որ ձեռքբերումները բազմապատիկ ավելին են քան բացթողումները:
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները,
ակնկալիքները:
-2019-ը ինչ-որ առումով անցումային եմ համարում և իմ կարծիքով,
բոլոր նախադրյալները կան, որ 2020 թվականը լինի ավելի հաջողված և արդյունավետ:
Հատկապես մեծ են սպասելիքներս տնտեսական ցուցանիշների մասով:
Ներքին վստահություն ունեմ, որ կհաջողվի գերակատարել բյուջեում ամրագրված ցուցանիշները:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորը սիրում եմ դիմավորել իմ հայրական տանը, ընտանիքիս,
ծնողներիս հետ և այդ ավանդույթը շատ հազվադեպ է խախտվում:
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
-Ամանորի գիշերը, առաջին շնորհավորանքներից հետո, պարտադիր
պետք է խոզի բուդ համտեսեմ: Շատ եմ սիրում նաև ծնողներիս պատրաստած գոզինախը:
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
-Խոհանոցում հազվադեպ եմ պատրաստում: Երբեմն ինչ-որ ապուր
կարող եմ եփել՝ օգտագործելով ձեռքի տակ եղածը, սակայն որպես կանոն, այն ինչ ստացվում
է ուտում եմ միայն ես:
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
-Հիշում եմ 1991 թվականի Ամանորը: Մեկնել էի իմ ծննդավայր,
Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղ, նոր տարին պապիկիս և տատիկիս հետ նշելու: Բնակավայրը
ամբողջովին հոսանքազրկված էր, մարդիկ խումբ-խումբ հավաքվում էին գյուղի տարբեր հատվածներում,
մեծ խարույկներ վառում և այդ պայմաններում դիմավորում նոր տարին: Հրավառությանն էլ
փոխարինում էին ամենատարբեր զենքերից հնչող կրակոցները: Պապիկիս թույլտվությամբ մի
կրակոց էլ ես արձակեցի նրա հրացանով:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Հրաշքների արդեն հավատում եմ: Երբ հագեցած աշխատանքային
օրվա ավարտին գնում եմ տուն և ինձ դիմավորում է իմ հրաշք որդին իր հրաշք ժպիտով, ինչպե՞ս
չհավատամ:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ես հեշտ կյանքով չեմ ապրել: Հաղթահարել եմ շատ դժվարություններ,
շատ փորձություններով եմ անցել, սակայն ոչինչ չէի փոխի, եթե լիներ այդ հնարավորությունը:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Մաղթում եմ, որ խաղաղություն լինի և սահմանը պահող մեր յուրաքանչյուր
զինվոր, հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելով, ողջ առողջ միանա իր ընտանիքին: Առողջություն,
սեր, միաբանություն եմ մաղթում բոլորիս, վստահ եմ, որ 2020-ը լավ տարի է լինելու:
Hayacq.com