Արայիկ Հարությունյանը՝ գրիպի համաճարակների վերաբերյալ խոսակցությունների մասին
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/02/%D4%B1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AF-1.png)
«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում՝ հատկապես դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:
Երեկ նամակով դիմել եմ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:
Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ»: