Ինչ ունեցվածք ունի խոշոր չափի կաշառքի մեջ մեղադրվող Վահագն Վերմիշյանը
Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է վեց անշարժ գույք:
Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Վերմիշյանի հայտարարագրից տեղեկանում ենք՝ Վերմիշյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 4 առանձնատուն, 1 բնակարան և 1 այգետնակ: Երկու շարժական գույք VOLVO XC 90 T6 և JAGUAR XJ8 մակնիշների ավտոմեքենաներ։
Պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ունեցել է 12 մլն դրամ, 18 հազար եվրո և 250 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. Ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: