Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

10 մար 2020 16:33

Ինչքան ռուբլին արժեզրկվի, այնքան տրանսֆերտների ծավալները կնվազեն.ոսկի գնեք

Եվրոյի, դոլարի արժևորման, ռուբլու արժեզրկման պայմաններում հայաստանցիները փորձում են  հասկանալ՝ ինչպես վարվել ունեցած խնայողությունների հետ։
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մանրամասնեց՝ էներգակիրների համաշխարհային շուկայում տուրուդմփոցի պարագայում ռուբլու արժեզրկումը պաշտպանական ռեակցիա է, ռուբլին թուլացվում է,  որպեսզի նավթագազային սեկտորը չտուժի, բյուջետային մուտքերն էլ չնվազեն։

«Կազուսն այն է, որ նավթի գների անկման հիմնական հարուցողը եղել է Ռուսաստանը, երբ մարտի 4-ին ՕՊԵՔ+ ֆորմատով Վիեննայի բանակցություններում ռուսները չգնացին համաձայնության՝ նավթի հանույթը կրճատելուն, որպեսզի նավթի գները չընկնեն։ Ամբողջ պատմության շիլա շփոթը սա է»,-ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում առաջին հերթին տուժողը Ռուսաստանի տնտեսությունն է։

Մարգարյանը հույս ունի, որ վնասները կսթափեցնեն Ռուսաստանի իշխանություններին, մարտի երկրորդ կեսին նախատեսված բանակցություններին համաձայնություն կլինի, քանի որ Սաուդյան Արաբիան ու մյուս երկրները ոչ միայն չավելացրեցին նավթի հանույթը, այլև կիրառում են զեղչեր։ Ի դեպ, ստեղծված իրավիճակի հետևում տնտեսագետը ԱՄՆ ականջներն է  տեսնում,  համարում է, որ այսօր էլ Սաուդյան Արաբիան համաձայնեցված խաղերի մեջ է ԱՄՆ իշխանությունների հետ, դրա մասին վկայում է նավթի տոտալ դեմպինգը։

«Թե ինչ կլինի, դժվար է կանխատեսել, իմ համոզմամբ, ի վերջո կնստեն բանակցությունների և համաձայնության կգան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ մինչ այդ ռուբլին արժեզրկվում էր կորոնավիրուսի հետևանքով։

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսությունն էլ բավականին տուժել է, կան նաև ռիսկեր՝ կապված բեռնափոխադրումների սահմանափակումների, թռիչքների, զբոսաշրջային հոսքերի կրճատման հետ, գործարքներ, ճամփորդություններ չեղարկելու հետ։ Բայց տնտեսագետը լավատես է, համարում է՝ ճգնաժամային իրավիճակ չի լինի։

«Լավատեսական գնահատականներ է տալիս նաև Կենտրոնական բանկը, ինչը ճիշտ եմ համարում։ Հայաստանում մեր վալյուտային ռեզերվները բավականին բարձր մակարդակի են, որոնց շնորհիվ կարելի է թույլ չտալ դրամի կտրուկ արժեզրկում»,-ասաց մասնագետը։
Հայաստանը Ռուսաստանից  մեծ ծավալով տրանսֆերտներ է ստանում։ Ռուբլու արժեզրկումը չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր երկրի տնտեսության վրա։

«Ինչքան ռուբլին արժեզրկվի, այնքան տրանսֆերտների ծավալները կնվազեն, բայց կարծում եմ՝ այստեղ էլ շատ մեծ անկում չի լինի։ Ի վերջո, ռուսական տնտեսությունն ունի դիմակայության բավականին լուրջ պաշարներ և թույլ չի տա, որ հետևանքները դառնան անդառնալի»,-կարծիք հայտնեց Մարգարյանը՝ չհամաձայնելով մռայլ կանխատեսումներին, քանի որ ֆինանսական, տեխնոլագիական, տնտեսական լուրջ մեղմացուցիչներ կան։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում խնայողություններ ունեցող քաղաքացիների անելիքին,  տնտեսագետը խորհուրդ չի տալիս արտարժույթ գնել։

«Նորից եմ կրկնում, Կենտրոնական բանկն ունի աննախադեպ չափով՝ 2.9 մլրդ դոլարի ռեզերվ։  Եթե ցնցումներ լինեն, կարծում եմ, ԿԲ-ն կմիջամտի՝ թույլ չտալու շատ բարձր գնաճ, եկամուտների ու գնողունակության անկում։ Ֆինանսական համակարգի կայունության ապահովումն օրենքի պահանջ է, այնպես որ ելակետը դա պետք է լինի։ Քանի դեռ էական արժեզրկումներ չկան, քանի դեռ արժեթղթերը վստահություն են ներկայացնում, իսկ մեր հատկապես եվրոպարտատոմսերը իրենց վարքագծով կայունության օրինակներ են, պետք չէ մտածել գերարժեզրկումների մասին։ Խորհուրդ կտայի և կառավարությանը, և քաղաքացիներին ոսկի գնել, եթե մտածում են, որ իրենց ակտիվները կարժեզրկվեն»,-մանրամասնեց նա՝ իհարկե հիշելով, որ խորհուրդ տալն այն էլ այսպիսի իրավիճակում անշնորհակալ գործ է։

Ատոմ Մարգարյանը հիշեցնում է, երբ վաճառվեց Հայաստանի՝ 1.5 տոննա պահուստային ոսկին, հիմնավորում էին, որ այն եկամուտ չբերող ակտիվ է։

«Բայց մենք տեսնում ենք, որ ամենամեծ եկամուտ բերող ակտիվը ոսկինն է։  Նավթի գների անկման, ճգնաժամային ռիսկերի մեծացման ֆոնին խարիսխը ոսկին է։ Դա կայուն է ու վստահելի, հենց դրանով պայմանավորված է, որ մետաղական ոսկին վերջին շրջանում թանկացել է։ Բայց նման իրավիճակներում գերակայություն տալ որևէ արժույթի ես խորհուրդ չէի տա, ավելի լավ է դիվերսիֆիկացնել՝ ելնելով ժողովրդական այն ասացվածքից, որ բոլոր ձվերը չի կարելի մի զամբյուղի մեջ»,-նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր