16:59 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

02 ապր 2020 10:18

Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»

«Ազգային արժույթը՝ դրամը, վերջերս մոտ 8-ից 9 տոկոս արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Իսկ վերջին մի քանի օրերին մեր ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, ինչն արդեն մտահոգիչ երևույթ է։

Ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով։ Նախ և առաջ ներքին շուկայում տարադրամային մուտքերի հետ կապված ռիսկեր են առաջ եկել։ Իսկ դեպի Հայաստան տարադրամի հոսքը տեղի է ունենում արտահանման միջոցով, որի տեմպը խիստ նվազել է պետությունների կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով, և արտահանվող ապրանքների պահանջարկի անկում է նկատվում։
Արտարժույթի ներհոսքին նպաստում էր նաև զբոսաշրջության ոլորտը, երբ զբոսաշրջիկները տարադրամով ծախսեր էին կատարում մեր երկրում, սակայն ներկայումս զբոսաշրջությունը գտնվում է սառեցված վիճակում։ Մեծապես նվազել են նաև դրսից եկող տրանսֆերտները։

Ռիսկեր են առաջ եկել` կապված հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի համաշխարհային գների նվազման հետ։ Հաշվի առնենք, որ Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին։ Ուստի պղնձի գների նվազմամբ պայմանավորված՝ փոքրացել է դեպի Հայաստան արտարժույթի ներհոսքը։
Հայկական տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, քանի որ մեր արտահանման քառորդ մասն իրացվում է ռուսական շուկայում, և Հայաստանի համար լուրջ խնդիր է նաև ռուբլու փոխարժեքի անկումը։ Ռուբլու արժեզրկման հետևանքով հայաստանցի արտահանողների եկամուտների անկում է նկատվում, ինչը ևս մեկ նպաստող գործոն է, որ դեպի Հայաստան արտարժութային հոսքերի նվազման միտում գրանցվի։
Այս ֆոնին երկրում մեծանում է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկը, քանի որ քաղաքացիները, ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ կապված լուրջ մտահոգություններ ունենալով, լրացուցիչ և չափից ավելի գնումներ են կատարում։
Եվ առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումը գնաճի մղող գործոններից մեկն է։ Իսկ գնաճն էլ իր հերթին բերելու է բնակչության գնողունակության անկմանը։ Ըստ այդմ, դրամի արժեզրկումը և գնաճը մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալու պայմաններ են ստեղծում։
Այսպիսի իրավիճակի շարունակականության պարագայում, երբ նվազել են հասարակության տարբեր շերտերի եկամուտները, աղքատության մակարդակի բարձրացման համար պարարտ հող է ստեղծվում։
Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Ազգային արժույթի արժեզրկումը ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող բյուջետային միջոցների լրացուցիչ ավելացման է բերելու, որովհետև արտաքին պարտքը սպասարկվում է ռեզերվային արժույթներով։ Իսկ սա լրացուցիչ ծախս է պետական բյուջեի համար։ Պարտքի տոկոսների և մայր գումարների վճարման համար դրամի արժեզրկված փոխարժեքի դեպքում պետությունն ավելի շատ գումար պետք է հատկացնի։
Գնաճի մակարդակը, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկումը և տնտեսական անկայունությունը չեն բխում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման տրամաբանությունից։ Եթե արտարժույթը թանկանում է, օտարերկրյա ներդրողների համար միավոր առումով մեր երկրում արդեն իսկ ներգրավված ռեսուրսներն էժանանում են։ Եվ այն իրավիճակում, երբ համաշխարհային մակարդակով ներդրումների ներգրավումը լուրջ խնդիր է դարձել, ՀՀ-ից կապիտալի արտահոսքի պայմաններ են ստեղծվում։
Նշված գործոններով պայմանավորված՝ իշխանություններից աչալուրջ աշխատանք է պահանջվում հնարավոր ֆինանսատնտեսական ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ, այլապես տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության կենսագործունեության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը։ Սակայն լուրջ խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ իշխանությունները հետաքրքրված են քաղաքացիների տեղաշարժը և հեռախոսազրույցները վերահսկելու գործով, որի արդյունավետության աստիճանը ներկայիս իրադրության պայմաններում ձգտում է նվազագույնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր