Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

08 ապր 2020 13:39

Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից. . Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում. armeniasputnik.am

Ճանաչված երաժիշտ Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչու է որոշել հատկապես արտակարգ դրության ժամանակ վերադառնալ Հայաստան, ինչ է պատրաստվում անել մեկուսացման երկու շաբաթվա ընթացքում:


Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկն է Ռուսաստանից չարտերային թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են մեկուսացման պայմաններում:


Sputnik Արմենիան կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվել հարյուրավոր հայաստանցիների վերադարձը Հայաստան ու ինչպիսի պայմաններ են հայրենիքում առաջարկվել նրանց:


«Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից, ընդունելության այն մակարդակից, որին մենք արժանացանք: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ բերեցին Երևանի հյուրանոցներից մեկը՝ շատ հարմար, չնաշխարհիկ պայմաններով՝ թե՛ ուտելիքը, թե՛ մնացած ամեն ինչը»,- ասաց նա:


Հախնազարյանը հայտնեց, որ սեփական քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք չի տեսել աշխարհի այլ երկրներում:


Ճանաչված երաժիշտն ասաց նաև, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ հյուրանոցի մի համարում մեկից ավելի մարդ տեղավորված լինեն՝ բացառությամբ ընտանիքի անդամների:


«Եթե համարները չէին բավարարում, մնացածներին տեղափոխում էին այլ հյուրանոց»,- ասաց նա:


Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով:


«Երբ մտանք հյուրանոց, մեզ խնդրեցին հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված հատուկ աղբամանը գցել այն դիմակները, որոնցով մենք եկել էինք։ Մեզ նորը տվեցին: Նաև խնդրեցին, որ ճաշի ժամին, երբ դուռը թակեն, մենք անպայման դիմակ դնենք, նոր բացենք: Երբ վերելակ մտանք, այն ամբողջովին թաց էր, որովհետև ախտահանիչ միջոցներով ախտահանել էին: Մի խոսքով, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Հայաստան ենք եկել, այլ աշխարհի ամենազարգացած, ամենալավ երկրներից մեկը: Մենք` հայերս, սիրում ենք գովել այն երկրները, որտեղ չենք եղել, թե այնտեղ ինչ լավ ու ինչ ճիշտ են աշխատում, բայց շատ հաճախ չենք նկատում մեր երկրի լավ զարգացումը»,- ասաց Հախնազարյանը:


Խոսելով Հայաստան վերադառնալու իր որոշման մասին՝ Նարեկ Հախնազարյանն ասաց, որ որքան էլ դա պաթետիկ հնչի, իր նպատակը հայրենիք վերադառնալն է եղել: Ճանաչված երաժիշտը չթաքցրեց, որ ինչպես այլ մասնագիտությունները, այնպես էլ իրենը, այսօր լավագույն ժամանակները չի ապրում: Առաջիկա ամիսների բոլոր համերգները չեղարկվել են:


«Երբ այդ ամենը սկսվեց, ես մի ամիս առաջ Նյու Յորքում էի, և միակ բանը, ինչ հասցրի անել, Նյու Յորքից Մոսկվա մեկնելն էր՝ ծնողներիս մոտ: Իսկ հետո որոշեցի այս դժվարին ժամանակներն անցկացնել հայրենիքում, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում: Իհարկե, ծնողներիս ապահովեցի անհրաժեշտ ամեն ինչով, սովորեցրի ամեն ինչ օնլայն պատվիրել, համոզվեցի, որ ինքնուրույն ամեն ինչ կարող են անել ու որ պետք է մնան մեկուսացման մեջ: Նրանք կոնսերվատորիայի դասախոսներ են, և մի ամիս է` տնից օնլայն պարապում են ու շատ լավ արդյունքներ են տալիս»,- պատմեց Հախնազարյանը:


Երիտասարդ երաժիշտը հայտնեց նաև, որ վստահում է ՀՀ իշխանությունների հրապարակած կորոնավիրուսային վիճակագրությանը, ինչը հույս է ներշնչել, որ Հայաստանը շուտով կկարողանա վերադառնալ կյանքի նորմալ հուն։


Նարեկ Հախնազարյանը հայտնեց, որ մտադիր է անգամ մեկուսացման պայմաններում օնլայն համերգներով հանդես գալ: Թե երբ ու ինչ ձևաչափով, դեռ չի որոշել:


Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող շուրջ չորս հարյուր ՀՀ քաղաքացիներ:


ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը դեսպանության համակարգմամբ տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոտավոր հաշվարկներով` այս պահին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեն այդ երկրում մնացած ևս շուրջ 1600 հայաստանցիներ:


Չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած քաղաքացիներին արդեն տեղափոխել են մեկուսացման վայրեր։ Նրանց մեկուսացրել են Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։


Քաղաքացիները կարանտինային պարտադիր ռեժիմում կանցկացնեն 14 օր։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր