Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

17 ապր 2020 20:26

Մենք չենք կարող անվերջ փակված լինել, մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման Կառավարության անելիքների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը ուղերձի սկզբում նախ ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակը, ապա Հայաստանի։

Ունեցել ենք կորոնավիրուսի 1201 հաստատված դեպք, 402 առողջացած և մահվան 19 դեպք։ Ապրիլի 17-ի դրությամբ՝ հիվանդանոցներում բուժվում է 780 հոգի, մեկուսացման մեջ գտնվում է շուրջ 1700 քաղաքացի, ինքանմեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար։
«Չնայած այս տագնապալի թվերին, հարկ եմ համարում նշել, որ մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը գրեթե միշտ թափուր է եղել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ Կառավարությունը արժանապատվորեն է դիմակայել համավարակին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, որոնք օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված մնալով սեփական ընտանիքներից։
Վարչապետը նաև բարձր գնահատեց մեկուսացված քաղաքացիների համար ստեղծված պայմանները։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, որոնք տարբեր տեսակի աջակցություն են ցուցաբերել։ Ապա վարչապետն անդրադարձավ Կառավարության կողմից աջակցության հակաճգնաժամային միջոցառումներին։ Նա առանձին-առանձին ներկայացրեց բոլոր 13 ծրագրերը։

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ այդմ՝ վարչապետը ներկայացրեց Կառավարության ռազմավարությունը՝ այնպես անել, որ վարակվածների թիվը հնարավորինս քիչ լինի։
«Մենք չենք կարող անվերջ փակված լինել, և անվերջ ապրել կարանտինի և արտակարգ դրության պայմաններում։ Հետևաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության՝ նրա հետ համատեղ և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Սա ըստ վարչապետի՝ նշանակում է, որ փուլ առ փուլ թույլատրելու են տնտեսական գործունեության վերսկսումը տարբեր ոլորրտներում, բայց հատուկ պատասխանատվություն են ակնկալում գործատուներից, հակառակ դեպքում, ոչ թե կմեղմացնեն, այլ կխստացնեն սահմանափակումները։
«Այսօրվանից բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց ապագայում վերաբացվելիք՝ խանութների, սրճարանների, ռեստորանների համար»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մեզնից յուրաքանչյուրը առավելագույնը պիտի անի, որպեսզի ինքը չվարակվի, ապա ուրիշներին չվարակի։ Կորոնավիրուսով չվարակվելու համար, վարչապետը 3 պարգագույն կանոններ նշեց, որոնք պետք է անեն քաղաքացիները։ Միմյանց հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն, դեմքին դիպչել՝ միայն ախտահանված ձեռքերով և մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվել։
«Այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ ընդգծեց նաև, որ իրավիճակն անխուսափելիորեն փոփոխություններ է մտցնելու մեր սովորությունների, շփման, առօրյա շարուձևերի մեջ։ Նիկոլ Փաշինյանը եզրափակելով խոսքը կոչ արեց զգոն լինել։

«Եվ այստեղ է, որ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես»,- հավելեց նա։
Վարչապետը վստահեցրեց՝ միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր