Գարեգին Բ-ի հայրական հորդորը՝ վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։
Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով հոգեւորականությանը, նշել ր. «Ժամանակակից Հայաստանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի պայմանականորեն ասած՝ հոգեւորականությունը, որովհետեւ ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգեւոր կյանքի սակավությունը։ Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգեւոր կյանքն արժեքների եւ գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգեւորականության շրջանում լրջագույն հիասթափություն»:
Փաշինյանը նշել էր, որ շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ երեւում է քաղաքականություն. «Երբեմն քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն ենք տեսնում։ Ես շատ կարեւոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։