«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 ապր 2020 20:57

Թե ի՞նչ տեղի կունենա ընտանիքում, որտեղ 24 ժամ միասին են, կախված է յուրաքանչյուրից

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, հանրության շրջանում ի հայտ եկած հոգեբանական հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:

-Խոսենք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հանրության շրջանում ի հայտ եկող հոգեբանական խնդիրների մասին:
 
-Սկզբնական շրջանում ակտիվ կենսակերպից մեկուսացման ռեժիմին անցնելու հարմարման դժվարություններն էին, նաև տագնապի դրսևորումներ, որոնք, ի դեպ, բնական են, նորմալ են:
Ցանկացած փոփոխություն առաջացնում է անհանգստություն,  որը կարող է կարգավորվել տվյալ իրավիճակի մասին գրագետ ինֆորմացիա ստանալով: Եվ այդպես էլ եղավ: Հակառակ դեպքում, տագնապը կարող էր վերածվել խուճապի: 
Կարծում եմ համավարակով պայմանավորված մեկուսացումը հոգեբանական դրական կողմ ունեցավ` զարգացնելով համբերատարություն, կարգապահություն, ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու, երեխաների հետ շփվելու հնարավորություն, նաև ինքներս մեր ժամանակը կառավարելու ինքնուրույնություն, երբևէ բացթողնված հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտություն (գիրք կարդալ, ֆիլմ դիտել, ստեղծագործել և այլն): 
Սոցիալական անմիջական շփումների սահմանափակումը ինքնակենտրոնացման մարտահրավեր նետեց. սեփական ներաշխարհը ճանաչելու, այնտեղ թաքնված խնդիրները վեր հանելու, հաղթահարելու, ինչու չէ` նոր ռեսուրսներ բացահայտելու ուղղությամբ:  
 
-Հնարավոր համարո՞ւմ եք այն, որ երկար ժամանակ մնալով տանը ընտանիքներում մեծանան կոնֆլիկտները։

-Հնարավոր է նաև ամրապնդվեն հարաբերությունները: Թե ի՞նչ տեղի կունենա ընտանիքում որտեղ 24 ժամ միասին են, կախված է յուրաքանչյուրից, նաև հարաբերությունների և՛ ներկայիս, և՛ անցյալում ունեցած որակից: Եթե նախկինում կուտակված, չլուծված խնդիրներ կան, ապա հնարավոր է այսպիսի պայմանները նպաստեն դրանց ակտիվացմանը և «պոռթկմանը»: 
Մյուս կողմից, չի բացառվում, որ այս օրերի զրույցները, չհասկացված հարցերի լուսաբանումները օգնեն ընտանեկան մթնոլորտի դրականացմանը, հարաբերությունների վերագնահատմանը: 
 
-Ինչպե՞ս պայքարել նեգատիվ դրսևորումների դեմ:

-Բացասականը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է պլանավորել օրը, պահպանել որոշակի ռեժիմ (քնելու, սնվելու, ֆիզիկական ակտիվության), գտնել հաճելի զբաղմունքներ, հաճախ օգտակար է որևէ նախասիրության ակտիվացումը, առավել ևս, եթե նախկինում ցանկացել եք, բայց ժամանակը չի բավականացրել այն իրագործելու համար: Նաև ցանկալի է զերծ մնալ տեղեկատվությանը անընդհատ հետևելուց:  
 
-Արդյո՛ք կարելի է պնդել, որ համավարակը ստիպել է մարդկանց  հեռանալ իրարից ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն:

-Հնարավոր է, այո՛: Ժամանակավոր հեռացումը օգնում է տեսնել և գնահատել այն, ինչը սովորական էր դարձել, կամ գուցե մոտիկից նկատելի չէր: Եվ այս ժամանակահատվածում ընթացող վերաիմաստավորումը որակական նոր մակարդակի մեկնարկ կապահովի մարդ-մարդ հարաբերություններում:
 
-Երկարատև կարանտինային այս անբնական վիճակից հետո արդյո՞ք հեշտ կլինի հարմարվել բնականոն կյանքի ռիթմին:

-Ինչպես գիտենք, ցանկացած փոփոխություն, ժամանակ է պահանջում մարդուց՝ հարմարվելու համար: Այդպես կլինի նաև այս փուլից բնականոն առօրյային անցնելու ընթացքում: Իհարկե, ոմանք հեշտությամբ, արագ կհամալրվեն ակտիվ կենսակերպին, ոմանք` ավելի դանդաղ, գուցե որոշ դժվարություններով: Դերակատարում կարող են ունենալ անձնային առանձնահատկությունները, գործունեության հանդեպ վերաբերմունքը, հոգեվիճակը, այս փուլից ձեռքբերված գիտելիքները, վերլուծությունները, եզրակացությունները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր