17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

28 ապր 2020 12:17

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մի տարի կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու. Տեսանյութ

«Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական և ճգնաժամային վիճակի բերումով չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները։ Մենք դեռ մարտին, արտակարգ դրություն մտցնելու հարցի քննարկման համատեքստում, հայտարարել ենք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու։ Ընդ որում՝ երբ այդ ժամանակ այդ հայտարարությունն անում էինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակ կարճաժամկետ խնդիր էին դնում իրենց առաջ։


«Բայց ամեն ինչ այդպես չգնաց, հետևաբար՝ զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, մենք տեսնում էինք, որ նաև հարուստ մարդիկ սկսել են չվճարել։ Այստեղ առաջանում է հետևալ պրոբլեմը, որ, փաստորեն, բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ և նպաստներ, բայց ամենակարևոր ռիսկը՝ այս համակարգը կարող է քանդվել»,- ասաց նա։


Վարչապետը հստակեցրեց՝ այսինքն՝ կարող էր խոսքը ոչ թե 5000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին լինել, այլ ընդհանրապես երկրում էներգետիկ համակարգի կոլապսի․ «Ընտրությունը ոչ թե նրա մեջ է՝  5000 քաղաքացու հոսանք անջատե՞լ, թե՞ չանջատել, այլ  նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Եվ ճգնաժամը դրանով է ճգնաժամ, որ, երբ մի խնդիր լուծում ես, այդ խնդրի լուծման արդյունքում առաջանում է երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդիրն ես լուծում, առաջանում է երրորդը։ Հետևաբար, ՀԾԿՀ-ն մեր առաջ շատ պարզ հարց է դնում, որ, եթե մենք այսպես գնանք, սա նշանակում է, որ մեր ընտրությունը ոչ թե լինելու է առանձին մարդկանց հոսանքը կամ գազը անջատելը, այլ՝ երկրում հոսանք կամ գազ կա՞, թե՞ չկա։


Հետևաբար՝ այս պայմաններում համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը, և երբ դիրքորոշումը կոշտացավ, առաջին հերթին, այն բանի արդյունքում, որ խոշոր սպառողները չեն վճարում՝ օգտվելով այդ առիթից, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում։ Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ կարող էին վճարել, բայց ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք։


Ընդ որում՝ այնպիսի մարդիկ, որոնք խոշոր բաժանորդ են և ակնհայտորեն այդ սոցիալական անապահով խմբերին չեն պատկանում։ Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից։ Ընդ որում՝ կոլապսից, որի մեջ մենք մասնակցություն ունեցել էինք այն առումով, որ տրվել էինք որոշակի էմոցիոնալ ինչ-որ բանի, և այսպիսի իրավիճակ էր ստացվել»։


Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որքան բաժանորդ է զրկվել հոսանքից և գազից․ «ՀՀ-ում կա 775 հազար էլեկտրական էներգիայի բաժանորդ, և 623 հազար գազի բաժանորդ։ Այս պահի դրությամբ անջատվել է 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդներից 4300 բաժանորդների հոսանք, և 736 գազի բաժանորդների գազի մատակարարումը։


Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի պարագայում անջատված բաժանորդների պարտքը կազմում է 30 հազար դրամից ավելի, իսկ գազի սպառումների պարագայում՝ 80 հազար դրամ և ավելի։ Ես կարծում եմ՝ այս պարագան շատ բանի մասին է խոսում, խոսում է, որ, այնուամենայնիվ, որ այն հայտարարության արդյունքում, որ չենք անջատի՝ հաշվի առնելով սոցիալական լարվածությունը, եղել է նաև որոշակի սպեկուլյատիվ գործելակերպ, որ ասել են՝ հա, դե, չեն անջատի, չվճարենք, բայց դրա արդյունքում կանգնել էինք մի վիճակի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել։ Նախ՝ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու և չեն վճարում, այո, նրանց հոսանքը պետք է անջատվի, որովհետև հակառակ դեպքում՝ կստացվի, որ սոցիալապես անապահովների շվաքի տակ այդ մարդիկ փողը գրպաններում պահում են, որ իրենց տաք լինի, կամ բիզնես ունեն, տանում են՝ այդ բիզնեսի մեջ դնեն։


Այդ գործելակերպը կարող է հանգեցնել երկրում էներգետիկ համակարգի կոլապսի։ Երկրորդ՝ ասում են՝ դուք հայտարարել եք, որ արտակարգ դրության պայմաններում էներգետիկ անջատումներ չեն լինի, այո, հայտարարել ենք, բայց հիմա ո՞վ կարող է ասել՝ այս արտակարգ դրության ռեժիմն ինչքան կարող է տևել։ Այն ժամանակ, երբ դա ասել ենք, մեր հույսն այն էր, որ մի ամսում արտակարգ դրության ռեժիմից դուրս կգանք։


Իսկ հիմա ո՞վ կարող է ասել՝ կորոնավիրուսի ճգնաժամն ինչքան է տևելու։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտ, մենք այս կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու, հետևաբար՝ եթե ասենք՝ այ, այդ ճգնաժամի ժամանակ մարդիկ կոմունալները կարող են չվճարել, նշանակում է՝ մենք ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր