Դոմոդեդովո օդանավակայանից քաղաքացիներին հայրենիք բերելու համար նախ թռիչքի թույլտվությունների ձեռքբերում պետք է լինի
Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում դեռ տասնյակ ՀՀ քաղաքացիներ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին, չեն ուզում տեղափոխվել դեսպանատան առաջարկած հյուրատներ, որ իրենց հերթն արագ հասնի և օր առաջ տուն վերադառնան: Շաբաթներով մնալով օդանավակայանում նույնիսկ հիգիենայի հարցերը չեն լուծում, իսկ դեսպանությունից նշում են, որ տեղյակ չեն թե հաջորդ թռիչքը երբ կլինի:
Սպասողները պատմում են, որ գումար ունեն մեկ ամիս առաջ դիմել են դեսպանատուն, որտեղից էլ ասել են` հերթագրվեն, իրենք էլ հերթագրվել են: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդուրադ Ջամբազյանի խոսքով հերթագրված ՀՀ քաղաքացիներին հայրենիք ուղարկելու հարցում առաջնահերթությունը տրվում է այն մարդկանց, ովքեր ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ և հորդորում է, որ քաղաքացիները չմնան օդանավակայանում և հետևեն դեսպանության հաղորդագրություններին: Այս մասին հաղորդում է «Ազատություն Ռադիոկայանը»:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարությունը ԱԳՆ-ի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հետ կազմակերպել են մի քանի թռիչք դեպի Հայաստան, սակայն հերթական թռիչքի մասին դեռևս խոսք չկա:
Newarmenia.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեսպանության կողմից հերթագրված առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են, իսկ թե հաջորդ թռիչքը երբ կկազմակերպվի խնդրեց կապ հասատատել ԱԳՆ-ի հետ. «Բոլոր քաղաքացիներին ցուցակագրել էր դեսպանատունը: Ինքնաթիռի մեջ 150-200 քաղաքացու տեղ չկա, առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են: Ակնկալվում է, որ պետք է լինի ևս մեկ թռիչք»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ստանում են օպերատիվ տեղեկատվություն թե իրադրության, թե ձեռնարկվող քայլերի վերաբերյալ և խնդրեց հաշվի առնել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերում մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում. «Ուստի մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, որի կողմից տրամադրվում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»:
Իսկ մեր հարցին, թե ԱԳՆ-ի հաշվարկով մոտավորապես երբ է ակնկալվում հաջորդ թռիչքը ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ չի կարող նման տեղեկություն տրամադրել. «Թռիչքի ծրագրվելու դեպքում մեր քաղաքացիները, ինչպես եղել է բոլոր դեպքերում, դրա մասին տեղեկացվում են»,- եզրափակեց նա: