Սահմանափակումների վերացումը ռիսկային է, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման վտանգ կա․ Երևանի գլխավոր ախտաբան
![](https://www.tert.am/news_images/1094/3279702_1/armen_mxitaryan_3_thumb_copy.thumb.png)
Նա խնդրահարույց համարեց, որ այս ողջ ընթացքում չպարզաբանվեց՝ ի վերջո ՀՀ-ում կորոնավիրուսի պիկը հաղթահարվե՞լ է, թե՞ ոչ, ինչն էլ, ըստ ախտաբանի, խանգարում է հստակ գնահատական տալ՝ ինչ տվեցին սահմանափակումներն ու ինչի կհանգեցնի դրանց վերացումը կամ թուլացումը:
«Եթե վիրուսի պիկը հաղթահարվել է, ապա այս որոշումն արդարացված է: Վիրուսը 100 տոկոսով կհաղթահարվի միայն այն ժամանակ, երբ կոլեկտիվային իմունիտետ ձեռք բերվի՝ մարդու օրգանիզմում ձևավորվեն վիրուսի հանդեպ հակամարմիններ. դրանք ձևավորվում են միայն վիրուսի հետ շփվելիս: Աշխարհում կան մարդիկ, որոնք շփվել են վիրուսի հետ, առաջացել է հակամարմին, ու վիրուսը հաղթահարվել է նաև ոտքի վրա: Չենք կարող ասել՝ՀՀ-ում քանի՞ տոկոս բնակչության մոտ է ձևավորվել իմունիտետ, որովհետև դրա համար ամբողջ բնակչության թեստավորում պետք է արվի, ինչի ռեսուրսները դեռևս չունենք»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանափակումները հանելը ամենաճիշտը կլիներ հենց այն դեպքում, երբ բնակչության տոտալ թեստավորում արվեր, և նշվեր, որ քաղաքացիների առնվազն 75 և ավել տոկոսի մոտ ձևավորվել է իմունիտետ:
«Այդ դեպքում կարելի էր սահմանափակումները վերացնելու միանշանակ որոշում կայացնել՝ չմտածելով, որ վատ լինելու դեպքում ավելի խիստ սահմանափակումների անհրաժեշտուիթյուն կլինի»,-հավելեց Մխիթարյանը:
Հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ պատասխանատվութունը թողնել քաղաքացիների՝ բարձր պատասխանատվություն դրսևորելու վրա, ախտաբանը պատասխանեց, որ քաղաքացիների գիտակցությունն այս ընթացքում բարձրացել է, բայց այն մակարդակի չի հասել, որն անհրաժեշտ է վիրուսին դիմակայելու համար:
Մխիթարյանի խոսքով՝ կարանտինն այնքանով էր արդյունավետ, որ դեպքերի ավելացումը եղավ ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար, և առողջապահական համակարգը կարողացավ զբաղվել ծանր դեպքերով, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի՝ համապատասխան մասնագետների ու տեխնիկայի բացակայության պատճառով: