Երաշխավորները զգուշացվեցին.Հարգելի պարոնայք, Ձեր ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա

Հիշեցնենք, որ երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
«Ամբաստանյալի պատշաճ վարքագիծը չապահովելու, իրենց պարտականությունները չկատարելու, երաշխավորությունից ինքնակամ հրաժարվելու դեպքում երաշխավորների կողմից մուծված գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ պետության եկամուտ է դարձվում, իսկ մյուս դեպքերում գումարը երաշխավորներին է վերադարձվում»,- արձանագրությունն ընթերցեց դատավորը։
Դատավորն ասաց, որ երաշխավորները նախազգուշացվեցին Քրեական օրենսգրքի 346 հոդվածի մասին։
Ապա Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ արձանագրությունը ընթերցվեց բարձրաձայն, կողմերից հայտարարություններ, դիտողություններ չեղան։
Նախկին վարչապետները ստորագրեցին կազմված արձանագրությունների ներքո, մեկական օրինակներ կմնան նրանց մոտ, մեկական՝ դատարանի։
Մինչ այդ Խոսրով Հարությունյանը հարցրեց, ունե՞ն հնարավորություն իրենց երաշխավորագիրը բանավոր ներկայացնելու վերաբերյալ, դատավորն ասաց՝ նման ընթացակարգ չկա օրենսդրությամբ, երաշխավորները պնդել են իրենց դիրքորոշումը։
Դանիբեկյանը նշեց, երաշխավորները հնարավորություն կունենան արտահայտել իրենց դիրքորոշումը միջնորդության կապակցությամբ։
Արձանագրությունները ստորագրելուց հետո դատավորը հայտարարեց. «Հարգելի պարոնայք, Ձեր ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա»։