Ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ.Վարչապետը՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» հետ ունեցած տարաձայնությունների մասին
Ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ եւ հրապարակային են եղել ուղղակի երբ եկել են վճռական պահեր, ես նրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաեւ մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ եւ մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ։ Եթե խոսվում է անցած ճանապարհի մասին, երեւի թե իմ անցած ամենակարեւոր ճանապարհը, իմ քաղաքական գործունեության ընթացքում, եղել է 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիից սկսած ճանապարհը եւ այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել։ Նախկինում «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթը։ «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը։
«Լուսավոր Հայաստանի» հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն բանի ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադռրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք եւ այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու բանաձեւի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները։
Պատճառներից մեկը եղել է այն, եւ այդ պատճառը կարող է գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը։ Նկատի ունեմ այդ քաղաքական գործընթացում ես երբեք չեմ վախեցել, որ կարող եմ միայնակ մնալ»։
Անդրադառնալով լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն ասաց. «Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարեւոր գաղափարախոսական եւ քաղաքական կոմպոնենտ։ Իմ լրագրողական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս։ Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Հիմա ես լրատվամիջոցների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»։