Փուլ-փուլ, շարունակաբար առաջնագծից 18 տարեկանները ետ են քաշվում և ծառայության են անցնում պայմանագրայինները. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ ԶՈՒ-ում տեղի ունեցած բարեփոխումներին։
«ՀՀ զինված ուժերում զգալի աշխատանք է իրականացվել: Առաջնագծում տեղադրվել են 23 մարտական նոր կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրքեր և հենակետ, մշտական ջրով ապահովվել է 235-ը: Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ»,-հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ ԶՈւ-ն համալրվել է 1343 նոր ավտոմոբիլային, և 33 միավոր ինժեներական տեխնիկայով. «Ինժեներական տեխնիկայի մասով աննախադեպ ծավալի գնումներ ենք իրականացրել: Նախկինում ԶՈւ-ում շխատանք կատարելու համար դիմում էին այս կամ այն ընկերություններին, տրակտոր եւ այլ տեխնիկա էին խնդրում ինժեներական աշխատանքների համար, հիմա արդեն ունեն: Իհարկե, սա ամբողջ ծավալը չի լրացնում, բայց կարևոր քայլ է»:
Նա նաև տեղեկացրեց, որ շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրային զինծառայողներով փոխարինման գործընթացը:
Ընդգծեց, որ այս ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով: «Այսինքն, փուլ-փուլ, շարունակաբար առաջնագծից 18 տարեկանները ետ են քաշվում և ծառայության են անցնում պայմանագրայինները: Սա պրոցես է, որը պետք է անել շատ զգույշ ու մտածված»,- եզրափակեց վարչապետը։