Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

20 մայիս 2020 12:36

Ինչպե՞ս կարող է քաղաքացին փոստով ստանալ իրեն անհրաժեշտ դեղորայքը

«Միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով կարող է ներմուծվել դեղ՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Դեղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։


Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարության սահմանած կարգով քաղաքացին թույլտվություն կստանա փոստով ստանալ այն դեղերը, որոնք Հայաստանում կա՛մ գրանցված չեն, կա՛մ գրանցված են, բայց դեռևս վաճառքի բազաներում չկան։


«Այսինքն՝ Կառավարության թույլտվությունից հետո քաղաքացին կարող է գնալ և մաքսային ծառայությունից դեղը ստանալ։ Մեր նպատակն է քաղաքացուն հնարավորություն տալ ստանալ այն դեղորայքը, որն իրեն անհրաժեշտ է, բայց ՀՀ-ում չկա։ Նորից կրկնեմ, որ Կառավարության կողմից սամանված կարգով քաղաքացին կարող է փոստով ստանալ դեղը, եթե դիմել  և առողջապահության նախարարությունից ստացել է թույլտվություն»,- ներկայացրեց Ս. Գաբրիելյանը։


Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս նախագծի շուրջ Կառավարության դիրքորոշումը դրական է։


«Քաղաքացին էլեկտրոնային տարբերակով կարող է դիմել նախարարություն և ամենաշատը եռօրյա ժամկետում նրան կտրվի պատասխանը, դրանից հետո կարող է հանգիստ մաքսազերծել իր կողմից ներմուծված դեղորայքը»,- ասաց Ա. Ավանեսյանը։


Ս. Գաբրիելյանն էլ հավելեց, որ եթե ներմուծվող դեղորայքի գինը չի գերազանցում 200 եվրոն, ապա մաքսազերծման խնդիր չի ծագում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր