Երևանի N49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է Covid-19-ով
Երեւանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել: Այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաղորդեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչեւ բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:
Հարցին, թե քանի՞ երեխա պիտի գնար վերաբացվող պարտեզ, ծնողներից քանի՞սն էին, որ ցանկություն էին հայտնել երեխաներին տանել մանկապարտեզ, Կարապետյանն ասաց. «Կարծեմ մոտ տասը»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին վերաբացվեցին Հայաստանի մարզերի, իսկ 20-ին՝ Երեւանի մանկապարտեզները: Դրանցից չբացվեց միայն թիվ 49-ը, քանի որ բացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ ջերմաչափելիս աշխատակիցներից մեկի ջերմությունը բարձր էր եղել, որոշում էր կայացվել նրան թեստավորել, իսկ մինչ այդ մյուս աշխատակիցներին ինքնամեկուսացման հրահանգ էր տրվել: