Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 հուն 2020 13:34

ԱԺ պատգամավորները վրդովվել են. Թորոսյանը եզակի ճիշտ կանխատեսում էր արել, մինչև հիմա այդ հաշվարկները չե՞ք արել

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վրդովված են, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի երկրորդ ընթերցումը հետաձգվում է։


Նշենք, որ նախագծով աջակցություն էր սահմանվելու մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիների համար։ Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանն այսօր առաջարկել է քննարկումը հետաձգել որոշակի կանխատեսումներ և հաշվարկներ կատարելու համար։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ ամենաքիչը մայիսի 25-ին ընդդիմադիր խմբակցությունները գիտեին, որ նման նախագիծ է ԱԺ բերվելու։ Նշանակում է՝ առնվազն տասն օր ժամանակ կար անհրաժեշտ հաշվարկներն ու կանխատեսումներն անելու։


«Առողջապահության նախարարը եզակի ճիշտ կանխատեսում է արել, որ մայիսի վերջին լինելու է մոտ տասը հազար վարակակիր։ Ո՞ր թվերն ու կանխատեսումն են անհասկանալի, որ մինչև հիմա այդ հաշվարկները չեք արել։ Իրականությունն այն է, որ կառավարությունը նման օրինագիծ հաստատելու ցանկություն չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախագիծն ավելի ուշ կրկին բերվի ԱԺ, ապա այնքան փոփոխված է լինելու, որ եղածից ոչինչ չի մնալու, մինչդեռ, ըստ պատգամավորի, սա շատ ճիշտ ժամանակին մշակված հասցեական նախագիծ է։


«Եթե առողջապահության նախարարը ճիշտ ժամանակին կանխատեսումներ ու հաշվարկներ աներ, այլ ոչ թե նստեր, Facebook–ում մեծամտությամբ ու ցինիզմով մրցեր և հաղթեր, կունենայինք աշխատանք, լավ նախագիծ, որն իրապես հասցեական կարձագանքեր քաղաքացիների խնդիրներին»,- հայտարարեց Թանդիլյանը՝ ընդգծելով, որ նախագիծն արտահերթ նիստով էր ԱԺ բերվել, որովհետև դրա ընդունումը հրատապ էր։


Վրդովված ելույթներ ունեցան նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք համաձայն են այս նախագծին և կողմ են քվեարկելու։


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա բացառիկ բան է, երբ իշխանությունը օրենք է բերում և ասում է, որ այն պետք է լրացնել, իսկ ընդդիմությունը կոչ է անում այն ընդունել և հայտարարում է, որ կողմ է քվեարկելու։


Սիմոնյանը նշեց, որ ընդդիմության քննադատությունները, քաղաքական դեմագոգիան և պոռթկումները մի կողմ դնելով, տեղին են։ Նա դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին՝ նշելով, որ այո, նախարարությունն այստեղ լուրջ գործ ունի անելու, աշխատանքներ արվում են, բայց դրանք պետք է արագացվեն, նա կոչ արեց գիտակցել այն պատասխանատվությունը, որ դրված է բոլորի և հատկապես նախարարության վրա։


Հիշեցնենք` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ նախատեսել այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր