էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

11 հուն 2020 11:55

Ռուսների նոր առաջարկն անընդունելի է եղել հայկական կողմի համար.ուժը կորցրած ճանաչվեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրը: Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն:
Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմաններերը: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։


«Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին (աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլն), ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ևծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ: Բացի այդ«Ռոսատոմը» լրացուցիչ մինչև 19,5 մլն ԱՄՆ դոլար է պահանջել, որը ևս անընդունելի է եղել հայկական կողմի համար:


«Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ:
Միաժամանակ, ծրագրի ժամկետներից շեղումը հայկական կողմի համոզմամբ, կարող է հանգեցնել ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի կողմից Հայկական ատոմային էլեկտրակայանին շահագործման ժամկետի նոր լիցենզիա տրամադրելու մերժմանը, ինչը զգալի բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության ու էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այս հիմնավորմամբ ՀՀ կառավարույունը որոշել է հրաժարվել վարկային պայմանագրից:


Իսկ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս որոշումն այսօր ևս արդեն ընդունվեց կառավարության նիստում:


«Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»,- նշված է որոշման մեջ: Իսկ վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կառավարությունում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին նախարար Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և ասել, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցներով:


Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մայիսի 12-ին: Վարկի տրամադրման համաձայնագրով ֆինանսավորման վերջնաժակետ էր սահմանված 31.12.2019թ.։


















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր