Եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ. հայտարարություն

Վարչապետի աշխատակազմի կողմից մատնանշված պարետի` N 110-Ն որոշման հավելված 16-ում սահմանված է նաև, որ աշխատավայրում պետք է պահպանվի 1,5 մետր հեռավորություն: Ինչպես ցանկացած նորմ, այդպես էլ դիմակ կրելու պարտադիրության նորմը ունի և պետք է ունենա նպատակ. այս պարագայում այդ նպատակը 3-րդ անձին վարակ չփոխանցելն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:
Բացի այդ, վարչապետի աշխատակազմը որևէ կերպ ոչ լիազորված է, և ոչ էլ պարտավորված է հետևել պարետի որոշումների կատարմանը, առավել ևս` դրանք կատարելու համար ցուցումներ տալուն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:
Վարչապետի աշխատակազմը և ընդհանրապես ցանկացած պետական մարմին, որևէ նորմի մասին հայտարարություն տարածելուց առաջ, լավ կլինի առնվազն ուսումնասիրի, թե այդ նորմը կարգավորման ի՞նչ առարկա ունի, և անձանց ի՞նչ շրջանակի վրա է այն տարածվում:
Կարծում ենք, որ նմանատիպ դեպքերով վարչական իրավախախտման ցանկացած արձանագրություն առերևույթ ապօրինի է և ենթակա է լինելու վիճարկման:
Հայաստանի ժուռնալիստների միություն